ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նախարարության ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ այցելել է Արագածոտնի մարզի Լուսակն գյուղի նորակառույց դպրոց և ներկա եղել Ամանորի տոնական միջոցառմանը, հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Մինչև 100 սովորող հզորությամբ կառուցված դպրոցն ունի հանդիսությունների դահլիճ, մեծ սպորտային դահլիճ, բացօթյա մարզադաշտ, հագեցած է լաբորատորիաներով և այլ անհրաժեշտ ուսումնական ենթակառուցվածքներով, ջեռուցվում է արևային կայաններով: Դպրոցին կից գործում է նաև նախակրթարան: Նորակառույց դպրոցը շահագործման է հանձնվել այս ուսումնական տարում. երկար տարիներ Լուսակնում դասերը կազմակերպվել են անմխիրթար շենքային պայմաններում:
Ամանորի բարձր տրամադրությունն այստեղ կրկնակի է, քանի որ երեխաները նաև նոր միջավայրում սովորելու տոնն են նշում: Դպրոցում կազմակերպվել էր տոնական միջոցառում՝ Ամանորի խորհրդի և ավանդական ծիսակարգերի ու սովորույթների մասին։
«Դպրոցի այս պայմանները ստեղծվել են ձեզ համար՝ ապահովելու լավագույն կրթություն ստանալու բոլոր հնարավորությունները։ Ներկայում շուրջ 200 հաստատություններում կատարվում են դպրոցաշինության մեծ ծավալի աշխատանքներ, որոնք լինելու են շարունակական: Կառավարության առաջնային նպատակը բոլոր երեխաների համար կրթության լավագույն պայմանների ապահովումն է: Մեզ համար կարևոր է նաև լսել ձեզ, որպեսզի լավարկենք մեր հետագա աշխատանքը և միասին առաջ գնանք»,- ասել է Ժաննա Անդրեասյանը` ավելացնելով, որ այս ձևաչափով այցեր են լինելու նաև այլ դպրոցներ:
ԿԳՄՍ նախարարության կողմից դպրոցի բոլոր 36 աշակերտներին հանձնվել են ամանորյա նվերներ, այդ թվում՝ գեղարվեստական գրքեր, գրենական պիտույքներ և այլն։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews






