«Իզմիրլյան» բարեգործական հիմնադրամը 500,000 ԱՄՆ դոլար է նվիրաբերել ԵՊՀ-ին, որը հնարավորություն կտա հիմնանորոգելու գրադարանի նախասրահը՝ առաջին հարկը, արդիականացնելու լուսավորության համակարգը և տեղադրելու ապակեպատ տանիք՝ ուսանողների, դասախոսների, հետազոտողների համար ստեղծելով նորարարական, ժամանակակից և ոգեշնչող միջավայր:
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց Իզմիրլյան ընտանիքին և բարեգործական հիմնադրամին՝ նախագծի իրականացումը հնարավոր դարձնելու համար։
«Այսօր մեկնարկում ենք այն նախաձեռնությունը, որի իրականացմանը երկար ենք սպասել։ Յուրաքանչյուր մեծ գործ սկսվում է երազանքից. մենք ունեցանք այս երազանքը, այն ձևակերպեցինք և հանձնեցինք թղթին. այսօր տեսնում ենք արդյունքը։ Նախագծի իրագործման կարևոր բաղադրիչներից է նաև կահավորումը, որի իրականացման պարտավորությունը ստանձնել է ԵՊՀ-ն: Այս ուղղությամբ ևս աշխատանքներ ենք իրականացնում»,- նշեց Հովհաննես Հովհաննիսյանը՝ հավելելով, որ այս տարի մեծ շուքով կկազմակերպվի գրադարանի առաջին հարկի բացումը։
Ռեկտորի խոսքով՝ այս աշխատանքները նպատակաուղղված են նրան, որ ուսանողներն իրենց ժամանակի մեծ մասն անցկացնեն գրադարանում՝ ուսումը, ընթերցանությունը, գիտական աշխատանքը ժամանակակից միջավայրում կազմակերպելու համար։
«Իզմիրլյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմեն Չոբանյանը, կարևորելով երկկողմ համագործակցությունը, նշեց.
«Սա մենք դիտարկում ենք որպես երկուստեք աշխատանքի արդյունք, այն գործընթացի շարունակություն, որը սկսել ենք Երևանի պետական համալսարանի հետ։ Մենք տեսնում ենք, որ համալսարանն անդադար փոփոխություններ է իրականացնում, ինչը շատ կարևոր է մեր երկրի զարգացման համար»։
Չոբանյանն ընդգծեց, որ այսպիսի համագործակցությունները Հայաստանի կրթական և գիտական միջավայրի զարգացմանը նպաստող երկարաժամկետ ու կարևոր քայլեր են:
Գրադարանի 105-ամյակի առիթով գրադարանի տնօրեն Ավետիք Մեջլումյանը հյուրերին նվիրեց հայ մանրանկարիչ Մինասի գիրք-ալբոմը։
ԵՊՀ գրադարանն ունի շուրջ 1,5 միլիոն միավոր գրականություն։ Գիտատեխնիկական վերափոխումներին զուգընթաց՝ համալրվում են նաև գրադարանի ֆոնդերը հնարավոր բոլոր միջոցներով՝ պետական հատկացումներ, գրքափոխանակություն, դրամաշնորհներ, նվիրատվություններ։ Գրադարանը համալրվում է տարբեր բնագավառներին վերաբերող արդիական գրականությամբ և հավաքածուներով (Գալուստ Գյուլբեկյանի (4400 միավոր), Հ. Թաքեսյանի (2800 միավոր), Ա. Սախարովի (1200 միավոր))։
ԵՊՀ գիտական գրադարանն անվանակոչվել է Սարգիս և Մարի Իզմիրլյանների անունով 1997 թվականի հոկտեմբերի 7-ից: Նրանց որդին ՀՀ ազգային հերոս Տիգրան Իզմիրլյանն է, իսկ թոռը՝ «Իզմիրլյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն, ԵՊՀ պատվավոր դոկտոր Սարգիս Իզմիրլյանը։