ԳլխավորԼուր

Երիտասարդական մայրաքաղաքի խորհրդանշական բանալին Կապանից փոխանցվեց Հրազդանին

Կապանը հրաժեշտ է տալիս երիտասարդական մայրաքաղաքի կարգավիճակին․ դեկտեմբերի 12-ին Կապանի մշակույթի տանը տեղի ունեցած փակման հանդիսավոր միջոցառման ժամանակ ամփոփվել են «ՀՀ 2021 թվականի երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի շրջանակում Կապանում կատարված աշխատանքները։ Երիտասարդական մայրաքաղաքի խորհրդանշական բանալին Կապանից փոխանցվել է Հրազդանին։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

«Կապանի երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի ամփոփիչ միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ԿԳՄՍՆ երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Գոհար Մամիկոնյանը, Կապան համայնքի ղեկավարի տեղակալ Գոռ Թադևոսյանը, Հրազդան քաղաքի պատվիրակությունը՝ համայնքի ղեկավարի տեղակալ Վարուժան Սաֆարյանի գլխավորությամբ, Կապանի համայնքային իշխանության տարբեր պատասխանատուներ, երիտասարդական կառույցների ներկայացուցիչներ։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ ‹‹Երիտասարդական մայրաքաղաք› ծրագրի շրջանակում Կապանում իրականացվել են բազմաշերտ և արդյունավետ աշխատանքներ։ Որպես երիտասարդական մայրաքաղաք՝ Կապանն ընտրվել էր 2020 թվականին, սակայն համավարակով և պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ ծրագիրը չիրագործվեց. այն տեղափոխվեց 2021 թվական։

Արթուր Մարտիրոսյանը շնորհավորել է Հրազդան քաղաքին 2022 թվականի ՀՀ երիտասարդական մայրաքաղաք հռչակվելու կապակցությամբ՝ նշելով, որ նախարարությունը պատրաստակամ է աջակցելու Հրազդանի քաղաքային իշխանությանը՝ ծրագիրն իրագործելու հարցում։

Կապան համայնքի ղեկավարի տեղակալ Գոռ Թադևոսյանը փաստել է, որ «Երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի շրջանակում Կապանում մշակութային, մարզական, երիտասարդական և միջազգային կարևոր իրադարձություններ են տեղի ունեցել։

Այնուհետև Գոռ Թադևոսյանը երիտասարդական մայրաքաղաքի խորհրդանշական բանալին հանձնել է Հրազդան համայնքի ղեկավարի տեղակալ Վարուժան Սաֆարյանին։

Միջոցառման ընթացքում ԿԳՄՍ նախարարության շնորհակալագրեր են հանձնվել ‹‹Կապանը՝ երիտասարդական մայրաքաղաք›› ծրագրի միջոցառումներում արդյունավետ գործունեություն ծավալած հասարակական կազմակերպությունների և համայնքային կառույցների ներկայացուցիչներին։

Կապանում ամփոփիչ միջոցառումը եզրափակվել է հանրահայտ «Լավ էլի» ռոք խմբի համերգային ելույթով։ Հնչել են հիթային երգեր` «Ջահել Ազատության երգը», «Քո աչքերը», «Գտա քեզ երկնքում», «Սկիզբը» և այլ սիրված երգեր։