ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի հիմնադրման 60-ամյակին նվիրված միջոցառմանը, հայտնում են նախարարությունից: Հոբելյանական միջոցառմանը ներկա էին նաև Ֆիզմաթ դպրոցի տարբեր տարիների շրջանավարտները, մանկավարժական կազմը, աշակերտները և հրավիրյալ հյուրերը:
Հոբելյանական միջոցառումը մեկնարկել է Ֆիզմաթ դպրոցի օրհներգով, որը կատարել են դպրոցի սաները:
Դպրոցի տնօրեն Արման Սարգսյանի նշեց՝ Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցը շարունակում է մնալ ամենապահանջված հաստատություններից մեկը։ Միայն այս տարի դպրոցի հինգ դասարաններ ընդունվելու համար դիմել է 900 աշակերտ, ընդունվել է 136-ը։ Նրա խոսքով՝ դպրոցում սովորողների թիվը հասնում է 720-ի:
«2020-2025 թթ. Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի 72 աշակերտ մասնակցել է բնագիտական յոթ առարկաներից կազմակերպված միջազգային օլիմպիադաների և արժանացել 50 մեդալի, որից 2 ոսկե, 9 արծաթե, 39 բրոնզե։ Բարձր արդյունքներ են գրանցվել նաև բնագիտամաթեմատիկական այլ միջազգային օլիմպիադաներից: Վերջին հինգ ուսումնական տարիներին նշված օլիմպիադաներին դպրոցից մասնակցել է 180 աշակերտ, որոնք արժանացել են 108 մեդալի՝ 19 ոսկի, 34 արծաթ, 55 բրոնզ։ Ուշագրավ է այն փաստը, որ յուրաքանչյուր ուստարվա արդյունք գերազանցում է նախորդին, որն իսկապես ոգևորող է»,- նշել է դպրոցի տնօրեն Արման Սարգսյանը և շնորհավորել մասնագիտացված դպրոցի բոլոր տարիների մանկավարժներին և շրջանավարտներին։
Պետական հատկացումների շնորհիվ հանրապետության հեռավոր շրջանների սովորողներն ապահովվում են հանրակացարանով և ամենօրյա սննդով:
Տնօրենը նաև նշել է, որ դպրոցի 64 մանկավարժից 42-ը հաջողությամբ բարձր միավորներով հաղթահարել էկամավոր ատեստավորման պահանջները։
Հոբելյանական միջոցառման շրջանակում դպրոցի սովորողները հանդես են եկել նաև երաժշտական կատարումներով:
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews



