ԳլխավորԼուր

Ղալթաղչիի Սուրբ Հովհաննես մատուռում պատարագ է մատուցվել

Ըստ եկեղեցական տոնացույցի՝ սեպտեմբերի 3-ը Սուրբ Հովհաննու Կարապետի և Հոբ Արդարի հիշատակի օրն է, տեղեկացնում են Գուգարաց թեմի դիվանից։

Հարթագյուղ (Ղալթաղչի) համայնքի Սուրբ Հովհաննես մատուռ-սրբավայրում նախագահությամբ Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Սեպուհ արք. Չուլջյանի, մատուցվել է Սուրբ Պատարագ:

Պատարագիչն էր Վանաձոր քաղաքի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Տաճատ քահանա Բարսեղյանը: Պատարագին մասնակցում էին Գուգարաց թեմի հոգևոր դասը, սարկավագներ և դպիրներ:

Սուրբ Հովհաննես մատուռը ժողովրդի կողմից առանձնահատուկ սիրված և մեծ ժողովրդականություն վայելող ուխտավայր է: Ուխտավորների հոսքը դեպի մատուռ չի դադարում, գալիս են տարբեր մարզերից ու համայնքներից՝ անկախ տարիքից, հեռավորությունից, եղանակային պայմաններից, սրբավայր հասնելու բարձունքը հաղթահարելու դժվարությունից: Այս անգամ ևս սրբավայրը լեցուն էր ուխտավորներով:

Հավարտ Պատարագի հավուր պատշաճի քարոզեց և ուխտավորներին մխիթարանքի խոսք ուղղեց թեմակալ առաջնորդ Տեր Սեպուհ արք. Չուլջյանը:

Comment here