Փետրվարի 14-ին Հայաստանյայց առաքելական եկեղեցին նշում է Տեառնընդառաջի տոնը, որը խորհրդանշում է 40-օրյա մանուկ Հիսուսի ընծայումը տաճարին։
Ինչպես հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից՝ փետրվարի 13-ի երեկոյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Սուրբ Գայանե վանքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության մասնակցությամբ կատարվել է Երեկոյան ժամերգություն:
«Հավարտ ժամերգության, հանդիսապետությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարարապետ Գերաշնորհ Տ․Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի, տեղի ունեցավ նախատոնակ, ապա կատարվեց նաև տարվա առաջին Անդաստանի արարողությունը, որի ընթացքում օրհնվեցին աշխարհի չորս կողմերը»,-նշված է հաղորդագրության մեջ:
Արարողությունից հետո եկեղեցականաց թափորն ուղղվել է դեպի Մայր Աթոռի միաբանական շենքի շրջափակ, ուր Մուշեղ Սրբազանը վառել է Տեառնընդառաջի խարույկը, որի շուրջ համախմբված Գևորգյան հոգևոր ճեմարանի սաները հանդես են եկել հոգևոր և ազգային երգերի կատարումներով:
Տեառնընդառաջի տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հռչակվել է որպես նորապսակների օրհնության օր: Այս կապակցությամբ փետրվարի 14-ին, եկեղեցիներում մատուցվող Սուրբ Պատարագի ավարտին, կկատարվի նորապսակ զույգերի օրհնության կարգ: