Այսօր Հայաստանի ազգային գրադարանը հյուրընկալեց Իլյա Ճավճավաձեի անվան Վրաստանի ազգային գրադարանի պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում էին Վրաստանի ազգային գրադարանի տնօրեն Կոնստանտին Գամսախուրդիան, գրադարանային ռեսուրսների վարչության ղեկավար Լևան Թաքթաքիշվիլին և գրացուցակավորման բաժնի ղեկավար Բեկա Ղաժոնիան։
Այցը նշանավորվեց հայ-վրացական գրադարանային և մշակութային համագործակցության ընդլայնման մի շարք կարևոր իրադարձություններով։
Միջոցառման առանցքային կետը Հայաստանի ազգային գրադարանի և Վրաստանի Իլյա Ճավճավաձեի անվան ազգային գրադարանի միջև համագործակցության հուշագրի ստորագրումն էր։ Այս փաստաթուղթն ամրագրեց կողմերի պատրաստակամությունը՝ ընդլայնելու փոխգործակցությունը, կազմակերպելու փոխայցելություններ, իրականացնելու մասնագիտական փորձի փոխանակում և համատեղ ծրագրեր։
ՀԱԳ Ընդհանուր ընթերցասրահում հանդիսավորությամբ բացվեց Վրացական գրականության անկյունը, որը կոչված է նոր հարթակ ձևավորելու երկու երկրների գրադարանների և մշակութային հաստատությունների միջև։
Հանդիպման շրջանակում տեղի ունեցավ նաև «Վրացական գրական ժառանգությունը Հայաստանի ազգային գրադարանում. 1783-2025 թթ.» խորագրով ցուցադրության բացումը։ Ցուցադրությունում ներկայացվեցին Հայաստանի ազգային գրադարանի հավաքածուներում պահվող վրացերեն արժեքավոր հրատարակություններ և գրական թարգմանություններ։




