ԳլխավորԼուր

«Հայ եկեղեցու պատմություն» առարկայի բովանդակային հատվածը չի փոփոխվելու. Լիլիթ Մակունց

«Հայ եկեղեցու պատմություն» առարկան չի հանվում օրակարգից, այն համադրվելու է հայ ժողովրդի պատմության հետ, եւ բովանդակային առումով որեւէ փոփոխություն չի լինելու։ Այս մասին այսօր՝ հունիսի 8-ին, լրագրողների հետ զրույցում ասել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով կրթության նոր չափորոշիչներին, ըստ որոնց «Հայ եկեղեցու պատմություն» առարկան առանձին չի դասավանդվելու դպրոցներում։

«Բացարձակ փոփոխության չի ենթարկվելու առարկայի բովանդակային հատվածը։ Կարծում եմ՝ քրիստոնեության եւ հայ եկեղեցու դերը թե’ հայապահպանման գործում, թե’ հայոց լեզվի եւ հայագիտության պահպանման գործում, թե’ պետության համար շատ կարեւոր է եղել եւ այդ հատվածը հանդիսանում է մեր պատմության ամենակարեւոր բաղկացուցիչ մասերից մեկը։ Քանի որ դեռ քննարկման փուլում է, կարծում եմ՝ դեռ ժամանակ կա եկեղեցու հետ քննարկումներ ծավալելու առումով»,- ասաց նա։

Պատգամավորը նշել է, որ պատրաստվում է շուտով այս հարցով հանդիպել Մայր Աթոռի ձեռագրատան, արխիվի և թանգարանների տնօրեն Ասողիկ աբեղա Կարապետյանի հետ։

Comment here