ԳլխավորԽոսք

Հայ եկեղեցու պատմությունը՝ ծուռ հայելու մեջ. Վաչագան Ա. Սարգսյան

2004-ին «9-րդ հրաշալիք»-ում տպագրված Վաչագան Ա. Սարգսյանի հոդվածը վերցված է հեղինակի ֆեյսբուքյան էջից՝ խիստ արդիական լինելու պատճառով։

Հանրակրթական դպրոց է մտել մի դասագիրք՝ «Հայ եկեղեցու պատմություն»: Ոչ մի վատ բան չկա, որ 10 տարեկան հայ երեխան իմանա իր եկեղեցու պատմությունը:

Տպագրական պարզապես հրաշալի մակարդակով տպագրվել է 4-րդ դասարանի դասագիրքը, որն, ըստ իս, ի սկզբանե դատապարտված է: Ինչո՞ւ՝ կհետաքրքրվի ընթերցողը: Որովհետև այս գիրքը երեխային կվանի հայ եկեղեցուց: Ինչո՞ւ՝ դարձյալ կհետաքրքրվի ընթերցողը: Որովհետև սա բոլորովին էլ հայ եկեղեցու պատմություն չէ, այլ հրեական առասպելների, հրեա թագավորների, հրեա ժողովրդի, հուդայական կրոնի պատմություն է: Իմ խորին համոզմամբ, այն կրոնը, որն ազգայինին միաձուլված չէ, չի ծառայում նրա ազգային նպատակներին, աղանդ է: Դեռևս մեկ ու կես հազարամյակ առաջ մեծն Մովսես Խորենացին դառնությամբ գրում էր իր «Հայոց պատմության» մեջ.

«…Դժվարագյուտ և տաժանելի է ժամանակագրություն կազմելը սկզբից մինչև մեր ժամանակները, մանավանդ որոշելը նախարարական ցեղերի սերումը Նոյի երեք որդիներից: Մանավանդ որ Ս. Գիրքը յուրայիններին զատելով իբրև իր սեփական ազգ՝ մյուսներին լքեց, իբրև արհամարհելի և իր կողմից նշանակվելու անարժան (ազգերի): Սրանցից սկսելով մենք կճառենք, որքան կարողություն ունենք, ինչպես որ հավաստին գտանք հին պատմությունների մեջ, որոնք ըստ մեզ կատարելապես ճշմարիտ են: Իսկ դու, ո՛վ ուշիմ ընթերցող, նայի՜ր այստեղ երեք ցեղերի շարքի հավասարությանը մինչև Աբրահամ, Նինոս և Արամ և զարմացիր»:

Այո, մեզ՝ հայերիս, արհամարհելի և նշվելու համար անարժան ազգ են դիտել, և Խորենացին գրում է հայ ազգի պատմությունը, որովհետև արժանապատվություն ուներ, որովհետև հայ էր և քրիստոնյա:

Այսօրվա դասագրքի 21-րդ էջում կարդում ենք. «Մենք գիտենք, որ Նոյը ուներ երեք որդի՝ Սեմը, Քամը և Հաբեթը: Նոյի երեք որդիներից սերվեցին աշխարհի բոլոր ժողովուրդները»: Տրամաբանական պիտի լիներ, որ դասագրքում նշեին, թե հայերը ումից են սերել, բայց՝ ոչ, նրանց դա չի էլ հետաքրքրել: Ահա ինչպես է շարունակվում միտքը. «Սեմի հաջորդներից Աբրահամը իր կնոջ՝ Սառայի և եղբայրների հետ ապրում էր Միջագետքում»: Այնուհետև պատմվում է Քանան երկրի, Իսահակի և Հաբեթի, Եսավի, Հովսեփի, եգիպտական գերության, Մովսեսի, Սինայի անապատի մասին: Հարցերից մեկում էլ ասվում է. «Կուզե՞ք նմանվել Մովսեսին»: Խոսվում է Սավուղի և Դավթի, Երուսաղեմի և Սողոմոնի, Նաթան մարգարեի, բաբելոնյան գերության, Իսրայելի և Հուդայի թագավորությունների, Հուդայի Եզեկիա թագավորի և այլ բաների մասին:
Դասագրքի 28-րդ էջում հրեա թագավոր Դավթի պատմությունն են պատմում. նույնիսկ Դավթի տավիղն են նկարել և գրել, որ «Դավիթը նվագել է նմանօրինակ գործիքի վրա» (միգուցե տա՞կը): Էջուկես է տրամադրված հրեա Դավթին, տրված են հարցեր, առաջադրանքներ: Իսկ էջի վերջում, մի անկյունում Սասունցի Դավթի ձիարձանի պատկերն է՝ «Սասունցի Դավիթ» տակգրությամբ:

Եվ ոչ մի բացատրություն, ուրիշ ոչ մի բան. երեխաները պիտի մտածեն, որ Սասունցի Դավիթը հրեա մի թագավոր է եղել: Այսպես են մատուցվում ազգայինը և ոչ ազգայինը այդ դասագրքում: Որպես լրացուցիչ նյութ, ուշադրություն դարձրեք՝ լրացուցիչ նյութ, մեկերրորդ էջ է հատկացված «Անդրանիկի մկրտության խաչը» նյութին և Գրիգոր Նարեկացուն՝ կես էջ: Ահա ամենը:

Չեմ կարծում, որ Իսրայելի դպրոցներում հրեա երեխաները սովորում են Արա, Արամազդ, Անահիտ, Վահագն և այլ հայ աստվածների մասին, որոնք կային նախքան Քրիստոսը:

«Բացառությամբ եբրայեցիների՝ մնացյալ բոլոր ազգերի կամ գրեթե բոլորի ծագումն ու կյանքի առաջին շրջանը կամ մթապատ են, կամ միգապատ: Մեր խնդիրը այս մութն ու մեգը փարատելը չէ, հայ ազգի ծագումն ու զարգացումը հետազոտելը չէ, այլ նրա կրոնը, որը, ինչպես և այլ ազգերինը, առավել դյուրին է ճանաչվում, քան քաղաքական կյանքը:

Հայերի նման հին և նոր և միշտ պատմական ազգի վաղեմի կրոնն էլ քննել կարողանալը նոր բան չէ: Միտքը երբեք հոժար չէ հրաժարվելու իմանալ այն, ինչ որ կարող է իմանալ իր նախնիների և հին հայրերի գիտեցածից: Սակայն մեր նախնիների կրոնը նոր կամ նորից հիշելու և հիշեցնելու մեզ հորդորողը նոր գիտելիքն է, որ մեր օրերին ընծայում են գիտունները, իսկ գիտուններին էլ ընծայում են նորահայտ հիշատակարանները, բևեռագրերը, արձանագրությունները, քանդակները, գերեզմաններից և փլատակներից հանած պես-պես անոթները, զենքերը, քարեղեն, հողեղեն և մետաղյա դիցաբանական պատկերները, մեծ ու փոքր զարդեղենը, գործիքները և այլն:

Մենք ցանկանում ենք մեր ազգային ավանդությունը սիրող կամ քննող բանասերների և մյուսների համար ըստ կարելվույն համառոտ, առանց շատ վերուվար թռչկոտելու և խորամուխ լինելու, ինչի համար ոչ թև ունենք, ոչ էլ հմտագույնների պահանջին բավարարող ուժ, մի այլ ձևով, պարզ ու հանրամատչելի կրկնել և ներկայացնել այն, ինչ գրել են մեր նախնիները և օտարազգիները, ինչը նյութական հիշատակարաններում ավանդված է հայոց կրոնի վերաբերյալ, և ինչը նշմարված է ու դեռ նշմարվում է հայերին բնորոշ ըմբռնումներում, ուղիղ և ծուռ հավատքում ու սովորույթներում:
Նախ քննենք հայոց ընդհանուր կրոնի և Աստծու գաղափարը կամ ըմբռնումը և հետո՝ պես-պես հավատալիքները կամ պաշտամունքը» (Ղ. Ալիշան):

Ես ինձ վիրավորված եմ զգում որպես հայ մարդ, որպես հայ քրիստոնյա, որ իմ երկրի երեխաները պետք է սովորեն, այն էլ ի՛նչ տարիքում, մեկ այլ երկրի պատմություն, հոգևոր պատմություն: Այդ այն դեպքում, երբ այդ երկիրը մեր երկրում իր դեսպանի բերանով նույնիսկ չի էլ ընդունում այն զարհուրելի փաստը, որ մենք մեր հավատի պատճառով եղեռնագործվել ենք, ցեղասպանվել:

Հայ եկեղեցու պատմությունը պետք է սկսվեր ոչ թե Աբրահամից ու Սառայից, այլ գոնե Տրդատից, Մեսրոպ Մաշտոցից ու Սահակ Պարթևից: (Էլ չեմ ասում, որ պիտի սկսվեր Արա աստծուց, ընդհանրապես հին աստվածներից ու հասներ մինչև մեր օրեր:)

Խորենացին դեռևս հինգերորդ դարում զգացել է օտար ազգի պատմությունը մեր ազգի վզին փաթաթելու վտանգավորությունը, բայց մենք դասեր չենք քաղում: Հայ երեխային երբեք հարազատ չեն դառնա Աբրահամն ու Սառան մի պարզ պատճառով. նրանք իրենց ապուպապը չեն, նրանք հայ չեն: Կարծում եմ, հուդայականություն քարոզելն էլ է աղանդավորություն:

Հինգերորդ դասարանի գրքի մասին ասեմ մի քանի բան. գրված է բարդ, անհասկանալի լեզվով, հանրագիտարանային ոճով: Բարդ ու բարդագույն հասկացությունների հակասական շարքը պարզապես անմատչելի է 5-րդ դասարանցուն, նրա հետաքրքրություններից դուրս է:

Միայն մի նախադասություն մեջբերեմ, որ ընթերցողը պատկերացնի գրքի ոճը.

«Եպիսկոպոսը թեմի առաջնորդն է ու հսկիչը: Եպիսկոպոսը իրավունք ունի ձեռնադրել քահանաներ, սարկավագներ, դպիրներ ու կատարել բոլոր խորհուրդները» (էջ 16):
Այս նախադասությունը գրելուց առաջ չի բացատրված, թե ինչ է ձեռնադրելը, ինչ է նշանակում «կատարել բոլոր խորհուրդները»: Սրանք շատ բարդ են, եթե չես պատկերացնում: Ինչ պիտի սովորի երեխան. զզվանքով անգիր անի կամ զզվանքով անգիր չանի:
28-րդ էջում նոր բացատրում են, թե ինչ են խորհուրդները և ձեռնադրումը:

Մի՞թե ամեն ինչ այսպես գլխիվայր կարելի է շուռ տալ: Սա նման է չինական հայտնի պատմությանը, երբ կայսրը, տեսնելով, որ իր ժողովուրդը արևի տակ գլխաբաց է աշխատում, մտածում է, թե լավ կլիներ, որ ժողովուրդը գլխարկ դներ: Այդ մասին ասում է իր նախարարներին: Եվ այդ բարի ցանկությունը վերջում պատուհաս է դառնում ժողովրդի համար՝ ով գլխարկ չի կարողանում ձեռք գցել, գլխատում են և այլն:
Այսպես է. մնում է ներողություն խնդրեմ Մովսես Խորենացուց և Ղևոնդ Ալիշանից, ասեմ, որ էս ենք մնացել…

«9-րդ հրաշալիք», հ. 286, 2004 թ.

Comment here