ԳլխավորԼուր

Նախագահն առաջարկում է Ծիծեռնակաբերդի տարածքում «Հայ պարկ» հիմնել

«Ազատություն» ռադիոկայանի «Կիրակնօրյա վերլուծական» հաղորդման ընթացքում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը խոսել է Ծիծեռնակաբերդի տարածքում «Հայ պարկ» հիմնելու նախաձեռնության և գաղափարի մասին:

«Եթե Եղեռնի հուշարձանից նայեք մինչև «Հրազդան» մարզադաշտ, կտեսնեք հսկայական տարածություն, որը, եթե չեմ սխալվում, մոտավորապես 103 հեկտար է։ Այդ տարածքը մշակված չէ, իսկ մեր քաղաքը մեծ այգու կարիք ունի։ Առաջարկում եմ ստեղծել համազգային այգի, որը կսկսվի Եղեռնի հուշարձանից անմիջապես հետո և կձգվի այդ 103 հեկտարով»։

Մանրամասնելով այգու ստեղծման գաղափարը՝ նախագահը նշել է. «Տրամաբանությունը հետևյալն է. այգու առաջին հատվածը կազմված կլինի մասերից, որոնք կներկայացնեն մեր պատմական հայրենիքի շրջանները, ասենք՝ Վանը, Էրզրումը և այլն։ Երկրորդ շերտը կներկայացնի սփյուռքահայությանն՝ ամբողջ աշխարհով ապրող մեր հայ ժողովրդին, ենթադրենք՝ Մարսելի, Նյու Յորքի, Մոսկվայի, Նովոսիբիրսկի հայ համայնքները։ Երրորդը՝ մեր հայրենիքի այսօրվա շրջանները, քաղաքներն ու կառույցներն, օրինակ՝ Գյումրի կամ Երևանի պետական համալսարան։ Այս բաժանումը խորհրդանշական է այն իմաստով, որ ամբողջ տարածքը բաժանվում է առանձին կտորների և ծառեր են տնկվում։ Գեղեցիկ կլինի՝ եթե ծառերի քանակը լինի մոտավորապես 1,5 միլիոն՝ յուրաքանչյուր զոհի համար մեկ ծառ։ Այս այգին կնկարագրի մեր պատմական կորուստները և, միաժամանակ, այսօրվա հայկական աշխարհը, հայկական պետականությունը՝ Հայաստանով և Արցախով։ Ընդ որում՝ այգու առանձին կտորները բաժանելով և անուններ տալով, կարող ենք քաջալերել, որ օրինակ՝ վանեցիները վերցնեն այգու Վանա տարածքը և մշակեն։ Սա կդառնա համազգային այգի, հայկական այգի, Հայ պարկ»:

Նախագահ Սարգսյանը կարևոր է համարել, որ այգին մնա այգի և չդառնա ռեստորանների շարք։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Comment here