ԳլխավորԼուր

Հայաստանը նոր նախագահ ունի

Ազգային ժողովի պատգամավորներն այսօր ՀՀ նախագահի պաշտոնում ընտրեցին Վահագն Խաչատուրյանին։ Ընդդիմադիր պատգամավորները չեն մասնակցել քվեարկությանը։

Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնեց, որ 71 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայնով Խաչատուրյանն ընտրվել է նախագահի պաշտոնում։

Սա ՀՀ նախագահին ընտրելու երկրորդ փորձն էր։ Երեկ` մարտի 2–ին, կայացավ նախագահի քվեարկությունը, որի արդյունքների մասին այսօր հայտնեցին. 69 կողմ ձայնով Խաչատուրյանը չէր ընտրվել։ Հարցն այն է, որ ՀՀ նախագահի ընտրության համար առաջին փուլում անհրաժեշտ է 81 ձայն, իսկ իշխող խմբակցությունը 71 պատգամավորով է ներկայացված ԱԺ–ում։

Հանրապետության նախագահը պաշտոնը ստանձնում է ԱԺ հատուկ նիստում, որն արտահերթ ընտրության դեպքում գումարվում է Հանրապետության նախագահի ընտրվելուց հետո 10-րդ օրը:

Հիշեցնենք, որ ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարականի մասին հայտնել էր 2022 թ. հունվարի 23-ին։