ԳլխավորԼուր

Հայաստանի Ազգային պատկերասրահը 100 տարեկան է

Ուղիղ 100 տարի առաջ այս օրը՝ 1921 թ. օգոստոսի 14-ին, Խորհրդային Հայաստանի կառավարության որոշմամբ բացվեց Պետական թանգարանը, որի հինգ բաժիններից մեկը արվեստի բաժինն էր: Տեղեկությունը հայտնում են Ազգային պատկերասրահի լրատվական ծառայությունից։

Հայաստանի համար դժվարին այդ ժամանակաշրջանում, երբ պետությունը կանգնած էր բազմաթիվ լրջագույն խնդիրների առաջ, նման մշակութային կենտրոնի հիմնումը բավական բարդ, բայց պահանջված ու պատասխանատու քայլ էր: Աշխարհասփյուռ հայությանը պետք էր մի փարոս, որը կմեկտեղեր ազգի մշակութաստեղծ ուժը և կհանդիսանար ոգեղեն վերածննդի հիմք:

Հիմնադրման պահից առ այսօր Հայաստանի ազգային պատկերասրահը հանդիսանում է Հայաստանի խոշորագույն, իսկ հայկական արվեստի հավաքածույով՝ աշխարհում ամենամեծ, ամենահարուստ թանգարանը, որտեղ պահվում են ավելի քան 40 000 բարձրարժեք նմուշներ։

Լինելով Հայաստանի կարևորագույն մշակութային կառույցներից մեկը՝ Հայաստանի ազգային պատկերասրահը հավատարիմ է մնացել դեռևս 100 տարի առաջ որդեգրած իր հիմնական սկզբունքներին՝ հավաքել, ուսումնասիրել, պահպանել ու հանրահռչակել հայ և համաշխարհային արվեստի գանձերը ողջ աշխարհում:

Ձևավորված մեկդարյան ավանդույթների ու նվիրյալ աշխատակիցների շնորհիվ Պատկերասրահն այսօր ազգային, հոգևոր և մշակութային ժառանգության պահպանման, մշակութային դաստիարակության ու գիտակրթական խոշորագույն կենտրոն է, որը քայլելով ժամանակին համընթաց՝ չի դադարում հիացնել և հետաքրքրել արվեստասեր հանրությանը նոր մտքերով ու նախագծերով:

Շնորհավորում ենք!!!

Comment here