ԳլխավորԼուր

ՀՊՏՀ «Տնտեսագետ» մարզաառողջարանում մեկնարկել է «Ուսանողական ամառ–2021»-ը

ՀՊՏՀ «Տնտեսագետ» մարզաառողջարանում օգոստոսի 13-ին տեղի է ունեցել «Ուսանողական ամառ–2021»-ի պաշտոնական բացման արարողությունը՝ ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ։ Տեղեկությունը հայտնում են բուհի լրատվական ծառայությունից։

Ողջունելով ուսանողական խաղերի մասնակից ճամբարականներին՝ ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանն ասել է. «Սիրելի´ ուսանողներ, չափազանց կարևորում եմ նման միջոցառումների անցկացումը։ Հասկանում եմ ձեր էմոցիաները, որովհետև ես էլ ժամանակին եղել եմ կանգնած ձեր տեղում։ Մաղթում եմ ձեզ առողջ մրցակցություն, անսպառ խանդավառություն, թիմային համերաշխություն, սակայն ասեմ՝ ես ունեմ իմ ֆավորիտ թիմը»:

Հանդիսավոր արարողությունից հետո, որին ներկայացել են ՀՊՏՀ ֆակուլտետների և ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջի ուսանողներից կազմված 7 ջոկատները (յուրաքանչյուրում 8-ական ուսանող), սկսվեցին մարզական խաղերը: Ծրագրում ներառված են բազմաբնույթ մարզական խաղեր՝ վոլեյբոլ, հրաձգություն, պարանի ձգում, սեղանի թենիս, շախմատ, սպորտլանդիա, ջրախաղ, աքլորակռիվ: Ուսանողները հարուստ ու հետաքրքրական ծրագիր են պատրաստել նաև ինտելեկտուալ ու մշակութային միջոցառումների շրջանակում: Օրինակ, նախատեսվում է հայ արձակ գրականության թեմայով անցկացնել «Ջոկատի օր», որին մասնակից յուրաքանչյուր ջոկատը կներկայանա մեկ հայ գրողի որևէ ստեղծագործությամբ:

«Ուսանողական ամառ–2021»-ին մասնակցում է 110 ուսանող, այդ թվում՝ բոլորովին վերջերս՝ հուլիսի 19-ից 21-ը «Տնտեսագետ» մարզաառողջարանում ASUE educational camp եռօրյա կրթական ճամբարի ամենաակտիվ մասնակիցները: Փառատոնը կեզրափակվի օգոստոսի 18-ին՝ գալահամերգով:

Ուսանողական փառատոնից հետո մարզաառողջարանում իր ակտիվ 7-օրյա հանգիստը կանցկացնի ուսանողական նոր հերթափոխը:

Comment here