ԳլխավորԼուր

Պարզվում են «Դավինչի» տուրիստական գործակալության կողմից կատարված առերևույթ խարդախության հանգամանքները

2021թ. օգոստոսի 12-ին մի խումբ քաղաքացիներից հաղորդումներ են ստացվել այն մասին, որ «Դավինչի» ՍՊԸ տուրիստական գործակալության հաշվեհամարին գումարներ են փոխանցել՝ հանգիստը Եգիպտոսում կազմակերպելու համար, սակայն գործակալությունը չի կատարել որևէ ամրագրում՝ պատճառելով խոշոր չափերի գույքային վնաս: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից։

Փաստերի առթիվ ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել են քրեական գործեր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, որոնք նախաքննություն կատարելու համար ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել վարույթ:

Որոշում է կայացվել՝ հիշյալ քրեական գործերը մեկ վարույթում միացնելու և համատեղ նախաքննություն կատարելու մասին:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի իրական հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու համար:

Տուրիստական գործակալության գործողություններից հնարավոր այլ տուժածների, ինչպես նաև՝ գործակալության տնօրենին հայտնաբերելու ուղղությամբ հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին:

Նախաքննությունը շարունակվում է:

Comment here