ԳլխավորԼուր

ԱրՊՀ-ում կազմակերպվել է օլիմպիադա «Հայոց պատմություն» առարկայից

Հունվարի 28-ին Արցախի պետական համալսարանում պատմության և իրավագիտության ֆակուլտետի պատմության և քաղաքագիտության ամբիոնի նախաձեռնությամբ տեղի է ունեցել օլիմպիադա «Հայոց պատմություն» առարկայից: Օլիմպիադային մասնակցել են հանրապետության տարբեր համայնքների հանրակրթական դպրոցների 9-12-րդ դասարանների վեց տասնյակից ավելի աշակերտներ:

Օլիմպիադայի նախաձեռնող, պատմության և քաղաքագիտության ամբիոնի վարիչ, պ.գ.թ., դոցենտ Նունե Սարումյանը, ողջունելով մասնակիցներին, շնորհավորել է Հայոց բանակի օրվա առթիվ՝ խորհրդանշական համարելով հենց այդ օրը «Հայոց պատմություն»-ից օլիմպիադա կազմակերպելը:

«Հայոց պատմությունն ուսումնասիրելն ու իմանալը բոլոր ժամանակներում էլ կարևոր է, կարևոր է հատկապես անցյալի սխալներից դասեր քաղելու, սխալները շտկելու և ներկան ու ապագան ճիշտ կառուցելու առումով»,-ասել է Ն. Սարումյանը և կարևորել պատմաբանի մասնագիտությունը մեր օրերում սերունդների մեջ ազգային արժեհամակարգի ձևավորման ու ամրապնդման, ամենաբարդ ժամանակաշրջաններում անգամ ազգային ինքնության պահպանման տեսանկյունից:

Օլիմպիադան անց է կացվում թեստային եղանակով: Առաջադրված հարցերին պատասխանելու համար աշակերտներին կտրվի երեք ժամ, արդյունքները կամփոփվեն ԱրՊՀ պատմության և քաղաքագիտության ամբիոնի պատմաբաններից կազմված հանձնաժողովի կողմից:

Մրցանակային տեղեր զբաղեցրած աշակերտները կպարգևատրվեն պատվոգրերով և արժեքավոր գրքերով: