Նոյեմբերի 28-ին «Քեզ համար, Հայաստան» խորագրի ներքո տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի 27-րդ հեռուստամարաթոնը, որի ընթացքում այս պահի դրությամբ հավաքագրվել է շուրջ 15,302,500 միլիոն ԱՄՆ դոլար, հայտնում են հիմնադրամից:
«Քեզ համար, Հայաստան» խորագրով Հեռուստամարաթոն 2024–ի դրամական միջոցները կուղղվեն մի շարք ռազմավարական ծրագրերի իրականացմանը՝
- սահմանային համայնքների խմելու և ոռոգման ջրի համակարգերի վերակառուցմանն ու կառուցմանը,
- համայնքային բժշկական նոր կենտրոնի կառուցմանը,
- սահմանային համայնքներում գտնվող դպրոցներում, մանկապարտեզներում, համայնքային կենտրոններում արևային կայանների տեղադրմանը,
- սահմանային համայնքների սոցիալապես անապահով ընտանիքների տներում արևային ջրատաքացուցիչների տեղադրմանը,
- բռնի տեղահանված արցախցի կանանց բիզնես կարողությունների հզորացմանը,
- մշակութային և ստեղծարար նախաձեռնությունների աջակցությանը։
Բացի վերոնշյալից, 2025-2026թթ․ ընթացքում կիրականացվեն «Հեռուստամարաթոն-2024»-ին առաջադրված երկու լայնամասշտաբ նախագծերը, դրանք են՝
- Բնակելի ավանի կառուցում հենաշարժողական խնդիրներ ունեցող պատերազմի վետերանների և նրանց ընտանիքների համար Կոտայքի մարզի Բալահովիտ համայնքում՝ «Զինվորի տուն» բարեգործական ՀԿ-ի հետ համատեղ:
- Արցախի մշակութային ժառանգության կենտրոնի և արցախցի գորգագործների ընտանիքների համար բնակելի ավանի կառուցում Գյումրիում: