Հունվարի 27–ը կսահմանվի Հանուն հայրենիքի զոհվածների հիշատակի և խոնարհումի օր և կլինի ոչ աշխատանքային։ ՀՀ Ազգային ժողովն այսօր 69 կողմ, 15 դեմ, 0 ձեռնպահ ձայյների հարաբերակցությամբ ընդունեց կառավարության առաջարկած նախագիծը։
Որպես նախագծի հիմնավորում նշվում է, որ չկա հատուկ օր` նվիրված բոլոր ժամանակների ռազմական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների և այլ անձանց հիշատակը հարգելուն և մեծարելուն։ Հետևաբար, մարդիկ զոհվածների հիշատակը հարգում են կամ տարբեր ռազմական իրադարձությունների նշման կամ հունվարի 28–ին՝ Բանակի օրը, որն ավելի շատ տոնական օր է, քան հիշատակի։
Հիշեցնենք, որ արցախյան վերջին պատերազմներից և ոչ մեկի հետ այս ամսաթիվը չի համընկնում։ 2016թ.–ի քառօրյա պատերազմը մեկնարկեց ապրիլի 2–ին, 2020–ի 44–օրյան` սեպտեմբերի 27–ին, իսկ արդեն 2023–ի սեպտեմբերի 19–ին տեղի ունեցավ Արցախի վրա Ադրբեջանի լայնածավալ հարձակումը, որին հաջորդեց էթնիկ զտումը։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews



