Հայ ականավոր լեզվաբան և բառարանագիր Հրաչյա Աճառյանի (8 մարտի, 1876–16 ապրիլի, 1953) ծննդյան օրն է։
Ներկայացնում ենք ԿԳՄՍՆ-ի անդրադարձն ու մի հատված Գառնիկ Ստեփանյանի «Հրաչյա Աճառյան» գրքից։
Աճառյանը հայ և համաշխարհային լեզվաբանական մտքի բացառիկ ներկայացուցիչներից է, որի գիտական ժառանգությունը հիմնարար նշանակություն ունի հումանիտար գիտությունների զարգացման համար։ Կրթություն ստանալով Փարիզի Սորբոնի համալսարանում և հետագայում իր գիտական ու մանկավարժական գործունեությունը ծավալելով Անդրկովկասում՝ նա դարձավ հայագիտության, լեզվաբանության և արևելագիտության համակարգված ուսումնասիրման առաջամարտիկներից մեկը։
Աճառյանի բազմակողմանի գործունեությունն ընդգրկում է հայոց լեզվի գրեթե բոլոր բնագավառները՝ բարբառագիտություն, պատմահամեմատական լեզվաբանություն, բառագիտություն, քերականություն, անունաբանություն և գրերի պատմություն։ Նրա «Հայերեն արմատական բառարան» վեցհատորյա աշխատությունը ոչ միայն հայ լեզվաբանության, այլև հնդեվրոպական լեզուների համեմատական ուսումնասիրության եզակի նվաճում է։ Շուրջ տասնմեկ հազար արմատական բառերի ստուգաբանական վերլուծությունը ներկայացված է լայն լեզվաբանական համատեքստում՝ ընդգրկելով ցեղակից և հարևան լեզուների տվյալներ։ Այս աշխատությունը մինչև օրս մնում է գիտական հենարան հայերենի պատմության և կառուցվածքի ուսումնասիրության համար։
Բացառիկ նշանակություն ունեն նաև նրա բարբառագիտական մենագրությունները, որոնցում համակարգված փաստագրվել և ուսումնասիրվել են հայերենի տարբեր բարբառներ։ Դրանք արժեքավոր են ոչ միայն լեզվաբանական, այլև մշակութաբանական տեսանկյունից, քանի որ պահպանել են ժողովրդական խոսքի, մտածողության և ինքնության կարևոր շերտեր։ Նրա «Հայոց լեզվի պատմություն» երկհատորյա ուսումնասիրությունը և «Լիակատար քերականություն հայոց լեզվի համեմատությամբ 562 լեզուների» աշխատությունը հայերենը դնում են համաշխարհային լեզվական համակարգերի լայն շրջանակում՝ ընդգծելով նրա ուրույն տեղը մարդկության լեզվական ժառանգության մեջ։
Աճառյանի գիտական և մանկավարժական գործունեությունը վճռորոշ դեր է ունեցել բարձրագույն կրթության և ակադեմիական գիտության կայացման գործում։ Նա եղել է համալսարանական կրթության կազմակերպիչ, տարբեր լեզուների դասախոս և գիտական կառույցների հիմնադիր անդամ՝ նպաստելով հայագիտական դպրոցի ձևավորմանն ու միջազգային գիտական կապերի ամրապնդմանը։
Այսպիսով, Հրաչյա Աճառյանի ժառանգությունը կարևոր է ոչ միայն հայության համար՝ որպես ազգային լեզվամշակութային ինքնության գիտական հիմնավորում, այլև ամբողջ մարդկության համար՝ որպես լեզվաբանական բազմազանության, պատմական հիշողության և մշակութային երկխոսության պահպանման և արժևորման օրինակ։ Նրա աշխատանքները շարունակում են ծառայել գիտությանը՝ ամրապնդելով հումանիտար մտքի համամարդկային արժեքները։
Հրաչյա Աճառյանի 150-ամյա հոբելյանի առթիվ ՀՀ վարչապետի որոշմամբ կստեղծվի հատուկ հանձնաժողով՝ անվանի գիտնականի հոբելյանը պատշաճ արժևորելու նպատակով։
Ակադեմիկոս Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյա հոբելյանը, ինչպես նաև Երևանի Հանրապետության հրապարակի շինարարության մեկնարկի 100-ամյակը ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2026-2027 թթ. օրացույցում: Որոշումն ընդունվել է Սամարղանդում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 43-րդ նստաշրջանում:
***
Հատված Գառնիկ Ստեփանյանի «Հրաչյա Աճառյան» գրքից
Զարմանալի յուրահատկություններով լի է Աճառյանի վերջին օրը: Կարծեք նա հանդիսավորապես էր պատրաստվել ընդունելու այնպիսի մի ծանրակշիռ հյուր, ինչպիսին մահն էր, ընդունել նրան վայել վեհությամբ, հոգով հանգիստ, մարմնով մաքուր, շորերը փոխած, սափրված։ Առավոտյան սովորականի նման գնում է համալսարան, դասախոսություն կարդում պարսկերեն լեզվից, վերադառնում է տուն։ Չնայած սափրվում էր ուրբաթ օրերը և շատ հետևողականորեն պահպանում էր այդ կարգը, այնուամենայնիվ, այդ օրը, հինգշաբթի, գնում է սափրվելու, վերադառնում լավ տրամադրությամբ, ճաշում ախորժակով, ինչպես հատուկ էր նրան առհասարակ, հետո նստում է ճոճաթոռի վրա, գոհունակությամբ ասում կնոջը՝
– Սոֆիկ, ես երջանիկ եմ, փառք Աստծո, կինս առողջ է, աղջիկս առողջ է, այսօր էլ կարողացա համալսարան գնալ և դասերս էլ հաջող անցան, հիմնական գործերս վերջացրել եմ, ապրել եմ 77 տարի, կախարդական երկու թվանշան կողք կողքի, վայելել եմ ամեն ինչ, տեսել այն օրերը, որ երազում էի: Հիմա ինձ համար ամեն ինչ վերջացել է։ Սրանից հետո ամեն մի օր որ ապրեմ, արդեն ավելորդ է։
Որ նա այդ օրը բացառիկ լավ տրամադրության մեջ է եղել, երևում է ապրիլի 15–ին իր փեսային՝ Վիլիկին գրած նամակից, ամբողջովին լցված կատակաբանությամբ:
Այդ օրը Աճառյանը օպերայի տոմս էր վերցրել, կինն ու աղջիկը գնալու էին «Ալմաստ» լսելու: Կինը չի ուզում, Աճառյանը ստիպում է գնալ և խորհուրդ է տալիս լավ շորեր հագնել:
– Ինչո՞ւ ես ուզում լավը հագնեմ, չէ՞ որ դու այլևս չես տեսնում։
– Ոչինչ, ուրիշները պիտի տեսնեն ու ասեն, թե Աճառյանի կինն է:
Հագնվում է։ Ըստ սովորության համբուրվում են։ Աճառյանը ավելի ուժգին է սեղմում կրծքին՝ թե՛ կնոջը և թե՛ աղջկան: Տարօրինակ կերպով հուզվում է։ Կինը զգում է այդ և հարցնում.
– Հրաչյա, այսօր ի՞նչ է պատահել քեզ, արտասովոր բաներ ես ասում, հուզված ես։
– Ոչինչ, ուրախությունից է, գնացեք, այսօր իմ ամենաերջանիկ օրն է։
Գնում են:
Տանը բացի Աճառյանից կար նաև կնոջ ընկերուհիներից մեկը՝ ուսուցչուհի Մարուսյան: Ժամը 10-ին Աճառյանը նրան խնդրում է թեյ պատրաստել, ասում է, թե մինչև թեյը լինի, ինքը մի քանի րոպե կքնի, իսկ երբ Սոֆիկը վերադառնա՝ կզարթնի ու կթեյեն։
Այժմ խոսքը տանք տիկին Սոֆիկին, որը եղավ նրա վերջին երկու տասնամյակի հոգատար ընկերուհին:
«Երբ վերադարձանք,― պատմում է տիկին Սոֆիկը,— միջանցքում հարևաններից լսեցինք, որ համալսարանի դասախոսներից մեկը կաթվածահար է եղել։ Մի տեսակ նախազգացում պատեց ինձ, հուզված մտա սենյակը, ոտների ծայրերին կոխելով մոտեցա Աճառյանի ննջասենյակին, — առհասարակ այդպես էի քայլում, երբ նա քնած էր լինում, որովհետև նրա քունը թեթև էր ու ամեն մի փոքր աղմուկից զարթնում էր: Մոտեցա: Հանգիստ քնած էր, ձախ ձեռքը գլխի տակ։
— Հրաչյա, Հրաչյա, — շշնջացի կամաց, ձայն չհանեց, ավելի բարձր կանչեցի, պատասխան չտվավ, մոտեցա ու կամաց շարժեցի գլուխը, կարծելով, թե կատակ է անում: Գլուխը թեքվեց այն կողմը, որ հրել էի… Ճչացի, ինչպես պարզվեց հետագայում, մեր գալուց 15 րոպե առաջ էր մեռել: Ձեռքին մնացել էր թաշկինակը՝ երեք ծայրը ագուցված, մեկը՝ ոչ…»:






