ԳլխավորԼուր

Ինտերնետ շահումով խաղերի, տոտալիզատորների գովազդը կարգելվի. օրենքն ընդունվեց

Հայաստանում շահումով խաղի կամ ինտերնետ շահումով խաղի կամ խաղատան, խաղասրահի կամ տոտալիզատորի կամ դրանց կազմակերպիչների ցանկացած տեսակի գովազդը կարգելվի՝ բացառությամբ սահմանափակ թվով վայրերում:

«Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ՝ ստանալով 63 կողմ, 24 ձեռնպահ ձայներ:

Ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը հիշեցրել էր, որ ինտերնետ շահումով խաղերի գովազդի սահմանափակումները վերադառնում են մինչև 2020 թվականը եղած սահմանափակումներին: Այսինքն` դրանց գովազդը թույլատրվելու է միայն 4 վայրում՝ սահմանային անցակետերում, 4 և ավելի բարձր աստղ ունեցող հյուրանոցներում, նրանց գրասենյակների մուտքերին և ներսում, ինչպես նաև տվյալ ընկերությունների կայքէջերում:

Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում կատարված լրացման արդյունքում սահմանափակումը տարածվել է նաև թղթային վիճակախաղերի վրա:

Միևնույն ժամանակ, գովազդը պետք է պարունակի նախազգուշացում խաղացողների համար հնարավոր նյութական վնասի մասին և այդ միտքը պետք է շեշտվի ոչ նվազ, քան գովազդի մնացած հատվածը, քանի որ շատ դեպքերում այս հայտարարությունը գովազդներում նշվում էր փոքր շրիֆտով կամ ընթերցվում էր արագացված տեմպով` դժվարացնելով դրա ընկալումը։

Հիշեցնենք` մոլախաղի գովազդի սահմանափակումները ՀՀ–ում գործում էին մինչև 2020 թվականի հունվարի 1-ը։ Սակայն դրանից հետո առցանց կազինոների և խաղարկությունների համար բացառություն արվեց` թույլատրելով դրանց արտաքին գովազդը` գովազդային վահանակների վրա, ինտերնետում, հեռուստատեսությամբ և ռադիոյով:

Պարզելու համար, թե ինչպես է ազդել առցանց մոլախաղերի գովազդը հասարակության վրա, ֆինանսների նախարարությունը ՊԵԿ-ից պահանջել էր այս բիզնեսի կազմակերպիչների՝ Vivaro Group (այժմ՝ Soft Construct), Digitaline, Kabarko և Good Soft-ի ֆինանսական հաշվետվությունները։

Պարզվել էր, որ 2018 թվականին խաղացողները 333 միլիարդ դրամի խաղադրույք են կատարել, իսկ 2020 թվականի 10 ամիսների ընթացքում` 1 տրիլիոն 547 միլիարդ դրամի։ 2018 –ին խաղացողների թիվը կազմել է ամսական միջինը 18 093 մարդ, իսկ 2020–ն` 44 082։

Օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից 6 ամիս անց։