ԳլխավորԼուր

ԱՄՆ-ն ու Իրանը պայմանավորվել են երկշաբաթյա հրադադար կնքել

Իրանի մայրաքաղաք Թեհրանը հրթիռակոծության ժամանակ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այս գիշեր՝ Իրանին տված վերժնաժամկետից մի քանի ժամ առաջ, հայտարարել է, որ համաձայնել Է Իրանի հետ երկշաբաթյա հրադադար հաստատել ՝ հավելելով, որ Թեհրանը նույն կերպ կվարվի:

«Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆի և ֆելդմարշալ Ասիմ Մունիրի հետ զրույցների արդյունքներով … ես համաձայն եմ երկու շաբաթով դադարեցնել ռմբակոծություններն ու հարձակումը Իրանի վրա։ Դա կլինի երկկողմանի հրադադար», — գրել Է Թրամփը Truth Social սոցցանցում։

Ըստ ԱՄՆ նախագահի հայտարարության՝

  • Իրանի հետ հրադադարը երկկողմանի է լինելու,
  • Թեհրանը, իբր, համաձայն է երաշխավորել Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգությունը,
  • ԱՄՆ-ն Իրանից ստացել է 10 կետից բաղկացած առաջարկ, որը կենսունակ հիմք է հանդիսանում բանակցություններ վարելու համար։
  • Երկու շաբաթվա ընթացքում Վաշինգտոնն ու Թեհրանը կպատրաստեն պայմանավորվածության վերջնական տարբերակը, որը խոստանում է հակամարտության մոտակա լուծում։

Իսրայելն իր հերթին համաձայնել է միանալ երկշաբաթյա հրադադարին։

Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդն էլ հայտարարել է ԱՄՆ-ի հետ հակամարտությունում հաղթանակի մասին, քանի որ Թեհրանը ստիպել է ԱՄՆ-ին ընդունել իր 10 կետից բաղկացած ծրագիրը:

Իրանն ԱՄՆ-ի հետ Իսլամաբադում բանակցություններ կսկսի ապրիլի 10-ին, դրանք կտևեն երկու շաբաթ, այդ ընթացքում կսահմանվի հրադադարի ռեժիմ:

«Միացյալ Նահանգները ստիպված է եղել ընդունել Իրանի 10 կետից բաղկացած առաջարկը, որը ներառում է ՝ չհարձակման հիմնարար պարտավորություն, Հորմուզի նեղուցի նկատմամբ իրանական վերահսկողության պահպանում, ուրանի հարստացման համաձայնություն, բոլոր առաջնային և երկրորդային պատժամիջոցների չեղարկում, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի բոլոր բանաձևերի գործողության դադարեցում, Իրանին փոխհատուցման վճարում, տարածաշրջանից ամերիկյան ռազմական ուժերի դուրսբերում և պատերազմի դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում ՝ Լիբանանում իսլամական դիմադրության դեմ», — ասված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք՝ ամերիկա-իսրայելական ռմբակոծությունները սկսվել են փետրվարի 28-ին։ 

Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ սկսեց Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին ու փակեց Հորմուզի նեղուցը։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews