ԳլխավորԼուրԽճանկար

Սև ծովում հայտնաբերվել է 1941-ին ռմբակոծությունից խորտակված «Արմենիա» ջերմանավը

Սև ծովում՝ Ղրիմի ափից 15 մղոն հեռավորության վրա, հայտնաբերվել է 1941 թվականին գերմանական օդուժի ռմբակոծությունից խորտակված «Արմենիա» ջերմանավը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, ջերմանավի խորտակումը պատմության մեջ ամենախոշոր ծովային աղետներից է, որի վրա, տարբեր հաշվարկների համաձայն, մոտ 6-10 հազար փախստական և վիրավոր է գտնվել։ 1500 մ խորության վրա գտնվող օբյեկտի ուսումնասիրության համար ռուսական արտադրության ՌՏ սերիայի ստորջրյա հեռակառավարվող սարք է օգտագործվել, որի միջոցով հնարավոր է եղել առաջին տեսակադրերը ստանալ։

Ռուսական աշխարհագրական ընկերության տվյալներով՝ նավի մի մասը պատված է տիղմի շերտով, սակայն դրա վրա ակնհայտ ճեղքվածքներ չկան, ինչը բացառում է տորպեդով նավի խոցման հնարավորությունը, որի մասին ասվում էր օբյեկտի խորտակման պաշտոնական վարկածում։

«Միևնույն ժամանակ, տախտակամածի վրա ավերման ակնառու և սարսափելի հետքեր կան․ վանդակապատերն ու ուղղահայաց բոլոր տարրերը դուրս են պտտված, ինչն, ամենայն հավանականությամբ, առաջացել է ավիացիոն ռումբերից։ Հիմնական վնասները հասցվել են ձախ նավակողի մոտակա վերնաշինվածքի մեջտեղի և քթային հատվածներին, ինչը կարող է վկայել այն մասին, որ ավիացիոն ռմբակոծությունը տեղի է ունեցել նավի ընթացքի ուղղությամբ, այսինքն՝ ֆաշիստական օդանավերը նավի հետևի մասից են հարձակում գործել»,- պատմել է Ռուսաստանի աշխարհագրական ընկերության ստորջրյա հետազոտությունների կենտրոնի գործադիր տնօրեն Սերգեյ Ֆոկինը։

Խորտակված ջերմանավի որոնողական աշխատանքներն առավել ակտիվորեն անցկացվել են վերջին 20 տարում։ Այդ ընթացքում ավելի քան 300 քառակուսի կմ տարածք է հետազոտվել։ Դրանցով զբաղվել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

«Արմենիա»-ն Սև ծովի համար նախատեսված խորհրդային «Աջարիա» դասի ջերմանավերից մեկն էր, որն արտադրվել էր 1928 թ. Լենինգրադի Բալթյան նավաշինարանում։ 1941 թ. նոյեմբերի 6-ի երեկոյան Սեւաստոպոլում գտնվող «Արմենիա» ջերմանավ է բարձրացել մի քանի հազար մարդ՝ քաղաքի բնակիչները, պացիենտներ, բժիշկներ և այլք։ Որոշ հրապարակումների տվյալներով՝ «Արմենիա»-ն դուրս է եկել Սեւաստոպոլի նավահանգստից, մտել Բալակլավա և Յալթա։ Նոյեմբերի 7-ին ջերմանավը ուղևորվել է դեպի Տուապսե և մի քանի ժամից ռմբակոծության է ենթարկվել գերմանական օդուժի կողմից և 4 րոպեում խորտակվել է։ Ուղևորներից մի քանիսն են փրկվել։

Comment here