Մայիսի 7-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ծայրագույն պատրիարք և ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց Հայկական համալսարանի շուրջ 150 շրջանավարտների և ուսանողների, հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։
Հանդիպմանը Նորին Սրբությունը, անդրադառնալով հայրենիքի դժվարին իրավիճակին և հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին, կարևորեց հայորդիների հայեցի դաստիարակությունը, ինչի շնորհիվ միայն հնարավոր կլինի դուրս գալ առկա ծանր կացությունից։ Այս ամենում Վեհափառ Հայրապետն էական նկատեց նաև ԲՈւՀ-րի դերակատարությունը՝ զորացնելու երիտասարդների մեջ հայրենասիրության և աստվածսիրության զգացումները։
Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հաստատեց, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մշտապես հայ ժողովրդի մեջ վառ է պահել անկախ պետականության գաղափարը, նաև կարևորել արցախահայության ազատ ու անկախ ապրելու իրավունքի պաշտպանությունը։
Վերջում Նորին Սրբությունը պատասխանեց ուսանողների հարցերին, որոնք վերաբերում էին հասարակության մեջ քրիստոնեական վարդապետության սկզբունքների կիրառմանը և տեղեկատվական դաշտում ծավալվող քարոզչական գործունեությանը։
Հանդիպումից հետո Հայկական համալսարանի շրջանավարտներն ու ուսանողները Սուրբ Գայանե վանքում մասնակցեցին Պատարագի սրբազան արարողությանը։