ԳլխավորԽճանկար

Պարտվելն էլ է կարևոր. մարզիկը, հոգեբանը, ուսանողն ու ուսուցչուհին՝ մոտիվացիայի մասին

Մոտիվացիա բառի բացատրությունը փնտրելիս կարող ենք հանդիպել նման արդյունքի՝ շարժառիթ, ներքին և արտաքին գործոններ, որոնք դրդում են մարդկանց իրականացնել գործողություններ, որպեսզի հասնեն իրենց նպատակին։

Զրուցել ենք տարբեր մասնագիտություներ ունեցող մարդկանց հետ՝ պարզելու մոտիվացիայի դերը նրանց կյանքում և աշխատանքային գործունեության մեջ։

Արթուր Շահինյան, ըմբշամարտիկ

Ես հասկացել եմ, որ ըմբշամարտում, ընդհանրապես սպորտում, շատ կարևոր է «դուխը»։ Որքան էլ ուժեղ ու տաղանդավոր լինես, եթե մի փոքր անգամ կասկածես, հաջողության չես հասնելու։ Ես ինքս ինձ ասում եմ, որ ես ուժեղ եմ, ես կարող եմ, շատ կարևոր է չկասակածելը ինքդ քո ուժերին։ Տրամադրվելը շատ կարևոր է։ Մրցաշարերում լավագույններն են ներկայանում, և օրինակ՝ 87 կգ քաշայինների կարգում ամեն երկիր մի ներկայացուցիչ է ունենում, ու կապ չունի երկրի ու բնակչության մեծությունը, և այս դեպքում շատ կարևոր է չընկճվելը։ Պիտի չթերագնահատես ինչպես քեզ, այնպես էլ մրցակցիդ։ Ըմբշամարտիկի դեպքում քունը շատ կարևոր է, պիտի կարողանաս տրամադրել քեզ, որ քնես։ Ինձ հետ եղել է դեպք, երբ ես ամբողջ գիշեր մտովի մրցել եմ հակառակորդիս հետ, և հաջորդ օրն արդեն դատարկություն էի զգում, էներգիաս ամբողջովին սպառվել էր։

Արթուր Շահինյան, ըմբշամարտիկՀիասթափություններ են լինում օրինակ այն դեպքում, երբ դու ու մրցակիցդ հավասար միավորներ եք ունենում, բայց հաղթանակը մրցակցիդ են տալիս։ Ինձ հետ եղել են նման դեպքեր, հուսահատվել եմ, չեմ ուզեցել շարունակել մարզվելը։ Նման դեպքերում գալիս եմ տուն, մի քանի օր հանգստանում եմ, միանգամից չեմ գնում մարզվելու, նյարդերս հանգստացնում եմ, հետո նոր գնում եմ պարապմունքի։ Մեկ պարապմունքը ամեն ինչ հետ է բերում, մոտիվացիադ վերականգնվում է, ու հաջորդ մրցմանն ես պատրաստվում։ Մարզիկի դեպքում պարտվելն էլ է կարևոր, այն ևս կարող է մոտիվացիայի աղբյուր լինել, որովհետև պարտվելն էլ է քեզ ուժ տալիս։

Մրցաշարերից մեկի ժամանակ 2-րդ հորիզոնականը գրավեցի, ու մարզիչս ասաց. «Լավ եղավ, որ պարտվեցիր», ու ես զարմացա այդ պահին, բայց հետո հասկացա, թե ինչ նկատի ուներ, որովհետև հաջորդ անգամ նույն մրցակցիս խոշոր հաշվով հաղթեցի։ 2020թ. պիտի որոշվեր՝ ով է օլիմպիական խաղերում ներկայացնելու մեր երկիրը․ նույն քաշային կարգում երկու հոգով էինք մրցում։ 2019թ․ Վրաստանում ես հաղթել էի և աշխարհի առաջնությանն էի մասնակցել։ 2020թ․ այնպես ստացվեց, որ ես պարտվեցի մեկ միավորի տարբերությամբ ու հնարավորություն չունեցա մասնակցելու օլիմպիական խաղերին։ Երազանքս չիրականացավ այդպես էլ, չնայած ես մրցավարների հետ համաձայն չէի, որովհետև կողմնակալություն էի նկատել։ Դրանից հետո կոտրվել էի, բայց ևս մի մրցաշարի մասնակցեցի ու դրանով ավարտեցի պրոֆեսիոնալ գործունեությունս՝ անցնելով մարզչական գործունեության։

Սաթեն Գրիգորյան, հոգեբան

Սաթեն Գրիգորյան, հոգեբան

Իմ աշխատանքում ինձ համար առանցքային դերակատարություն ունի մոտիվացիան, որը ոչ միայն թույլ չի տալիս լճանալ, այլև տանում է անվերջ ինքնակատարելագործման: Իմ կարծիքով, եթե չկա մոտիվացիա, չկա նաև ինքնազարգացում, և տվյալ անհատը վտանգված է մասնագիտական այրման: Կարևորում եմ հատկապես կատարված աշխատանքի ֆիդբեքը, քանզի այն անչափ կարևոր է մասնագիտական գործունեության ճանապարհին: Օրինակ՝ ինքս աշխատում եմ ուսանողների հետ, որոնք իրենց հերթին մոտիվացնում են ինձ, մղում են ինքնազարգացման: Ուսանողի կողմից տրվող ֆիդբեքի կարևորությունն անգնահատելի է, հատկապես երբ դրանում արժևորվում է քո կատարած աշխատանքը, գնահատվում են դետալներն ու մոտեցումները: Նմանօրինակ գնահատանքն առավել պարտավորեցնող է, քանի որ, ինչպես ասում էր Փոքրիկ Իշխանը՝ «մենք պատասխանատու ենք նրանց համար, ում ընտելացրել ենք մեզ», այս դեպքում վրիպումներն արդեն առավել տեսանելի ու քննադատելի են դառնում, ինչն էլ իր հերթին ստիպում է անվերջ ինքնակրթվել, զարգանալ ու մասնագիտորեն վերազինվել՝ զարգացող աշխարհի մարտահրավերներին դիմակայելու համար:

Լուսինե Գուլյան, ուսանող

Լուսինե Գուլյան, ուսանող

Եթե անկեղծ լինեմ, ապա որոշ ժամանակ հստակ չէի հասկանում՝ ինչ եմ ցանկանում ու ուր եմ ուզում գնալ։ Հետո պարզեցի, որ դա նորմալ երևույթ է ուսանողական տարիներին։ Բնական է, որ կարող են լինել հուսահատության պահեր։ Ինձ մոտ էլ են եղել, բայց հիմա ամեն ինչ կարծես իր հունով է ընթանում։ Պետք է միայն սահմանել նպատակներ ու համապատասխան քայլեր՝ դրանց հասնելու համար։ Ես սովորում եմ ժուռնալիստիկայի ֆակուլտետում, բայց այս պահին լրագրող դառնալու մտադրություններ չունեմ։ Իսկ այդ դեպքում ինչու՞ եմ լավ սովորում՝ որովհետև սիրում եմ այս մասնագիտությունն ու գիտեմ, որ գուցե մի քանի տարի անց նորից վերադառնամ այս ոլորտ։ Բացի այդ, կարծում եմ, որ սովորելու, կատարելագործվելու ու նոր հմտություններ ձեռք բերելու ցանկացած հնարավորություն պետք է օգտագործել։ Երբեք չես իմանա, թե դրանք քեզ երբ պետք կգան։ Մոտիվացվում եմ, երբ ինքս ինձ գովաբանում եմ։ Ապրես, հպարտ եմ քեզնով, համարյա ամեն օր ինքս ինձ ասում եմ, երբ անում եմ ամենաբարդ հանձնարարությունները։

Ես միշտ պլանավորում եմ իմ օրը, տարանջատում եմ կարևոր գործերս անկարևորներից, այդպիսով կարողանում եմ հասցնել այն ամենը, ինչ իրականում ինձ պետք է։ Հոգնում եմ, ո՞վ ասաց որ ուսանողները չեն հոգնում, երբեմն ուժ չեմ ունենում անգամ ինչ-որ բան պատրաստել և ուտել։ Եվ ինքս ինձ հանգստանալու հնարավորություն եմ տալիս։ Չորրորդ կուրսում եմ սովորում և միայն այս չորս տարիների ընթացում հասկացա, որ եթե ի վիճակի չես սովորել, ապա ավելի լավ է դա ստիպողաբար չանել։

Դաս անելիս սիրում եմ երաժշտություն լսել, հատկապես՝ դասական։ Նախ անջատում եմ հեռախոսս, հարազատներիս զգուշացնում, որ մի քանի ժամ պետք է դաս անեմ, միացնում եմ սիրելի փլեյլիստն ու սկսում, կեսից զգում եմ, որ մոռացել էի թեյս խմել, ու խմում եմ արդեն սառը թեյը։ Ամեն ինչ սեփական նախաձեռնողականությունից է կախված։ Ես սիրում եմ շուտ քնել ու ուշ արթնանալ, բայց հիմա, ես դրա իրավունքը չունեմ, որովհետև եթե ես ցանկանում եմ մի քանի տարի անց դառնալ հաջողակ, կայացած, սովորել լավագույն համալսարաններից մեկում, հետևաբար, պետք է աշխատեմ։ Այնուամենայնիվ ես այն մտքին եմ, որ սովորել և զարգանալ պետք է ամբողջ կյանքի ընթացքում, հենց դա էլ ես պատրաստվում եմ անել։

Լուսինե Պետրոսյան, ուսուցչուհի

Լուսինե Պետրոսյան, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի

Ցանկացած մասնագիտության մեջ, այդ թվում՝ ուսուցչի, անհրաժեշտ է մոտիվացիա, այլապես չեմ կարծում, որ այդքան ցածր աշխատավարձով ուսուցիչները կկարողանային աշխատել։ Ինձ մոտիվացնում է աշակերտների սերը, հետաքրքրությունը առարկայի նկատմամբ։ Թվում է, թե հիմա աշակերտները չեն սովորում, բայց երբ ես զգում եմ, որ սովորում են թեկուզ այն բանի համար, որ իրենց ուսուցչուհին ես եմ, ոգևորությունս մեծանում է։

Վերջերս Դուրյանի «Լճակը» բանաստեղծությունը անգիր էի հանձնարարել 8-րդ դասարանում, և դասարանի մեծ մասը սովորել էր անգիրը։ Այնպես չէ, որ նրանք ցածր գնահատականից էին վախենում։ Աշակերտներից մեկն էլ, ով դասերին միշտ պատրաստ է ներկայանում, այս անգիրը չէր սովորել, և զգացի, որ նա ամաչում էր, հաջորդ դասին ավելի բարդ անգիր էր սովորել։ Եվ դա մոտիվացնում է ես հասկանում եմ, որ որպես ուսուցիչ՝ ինձանից շատ բան է կախված, և, իհարկե, ուզում եմ ավելի հետաքրքիր դարձնել դասը, օրինակ՝ տարբեր խաղերի միջոցով, որ չմարի երեխայի հետաքրքրասիրությունը առարկայի, դասի նկատմամբ։ Մոտիվացնում է նաև այն, երբ տեսնում եմ երեխաների ձգտումը։

Երբ տեսնում ես աշակերտների հետաքրքրասիրությունից վառվող աչքերը, արդեն ուզում ես ամեն ինչ անել, որպեսզի աշակերտները ավելի լավ հասկանան ու ավելի լավ սովորեն, հատկապես երբ հասկանում ես, որ կարող ես քո խոսքով, քո օրինակով ինչ-որ բան փոխել։

ԱՍՏՂԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս