ԳլխավորԼուր

«Աղետը հնարավոր է կանխել միայն միասնական ջանքերով, համերաշխության մթնոլորտում»․ Կաթողիկոս

Հունիսի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում-քննարկում է ունեցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների հետ, հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել համավարակի շրջանում Մայր Աթոռի միաբանների և թեմերում սպասավորող եկեղեցականների գործունեությանը։

Զրույցի ընթացքում քննարկվել են համավարակի հետևանքների հաղթահարման ուղղությամբ Եկեղեցու կողմից ձեռնարկվող քայլերը, մտահոգություն արտահայտվել հայրենական, քաղաքական կյանքում ստեղծված անհամերաշխության, հակառակության մթնոլորտի առնչությամբ։

Նորին Սրբությունը խոսել է նաև համավարակի պայմաններում եկեղեցականների առաքելության մասին։ «Սիրելինե՛ր, այսօր՝ համավարակի այս իրավիճակում, հրամայական է է՛լ ավելի կազմակերպել և ինքնակազմակերպվել։ Մայր Եկեղեցին իր հոգևոր դասով այս առումով կարևոր աշխատանք ունի անելու։ Շարունակաբար սատար կանգնելով հայրենի պետության ջանքերին` մենք պարտավոր ենք ուղղորդել մեր հավատավոր զավակներին ու կոչ անել, որպեսզի թե՛ եկեղեցիներ, թե՛ ուխտատեղիներ և այլուր այցելելիս խստորեն հետևեն պատկան կառույցների սահմանած կանոններին։ Պետք է բարձրացնենք յուրաքանչյուր անհատի՝ այլոց կյանքի անվտանգության համար պատասխանատվության գիտակցությունը։ Այսօր չունենք ավելի կարևոր հրամայական, քան վարակի տարածման կանխարգելումը, որպեսզի վերադառնանք մեր բնականոն կյանքի ընթացքին։

Այս իմաստով մեր հոգևոր սպասավորները Սփյուռքի թեմերում նույնպես պետք է համապատասխան կոչերով ուղղորդեն և ապահովագրեն մեր զավակներին, որ նրանք խստագույնս հետևեն իրենց երկրների պատկան մարմինների առողջապահական հրահանգներին։ Աղետը պետք է կանխել, սակայն հնարավոր է կանխել միայն միասնական ջանքերով, համերաշխության մթնոլորտում», — մասնավորապես ասել է Վեհափառ Հայրապետը։

Comment here