ԳլխավորԼուր

«ՄԱԹԵՄարդ»-ն ամփոփում է արդյունքները

ՄԱԹԵՄարդ

Մաթեմատիկայի միջազգային օրվա (մարտի 14- խմբ.) կապակցությամբ «Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնում» տեղի է ունեցել «ՄԱԹԵՄարդ» արշավի ամփոփիչ միջոցառումը, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: «ՄԱԹԵՄարդ» արշավի նպատակն է խրախուսել պատանիների ու երիտասարդների, հատկապես աղջիկների մուտքը կրթության և կարիերայի STEM (գիտություն, տեխնոլոգիա, ինժեներություն, մաթեմատիկա) ոլորտ՝ հավատարիմ մնալով Մաթեմատիկայի միջազգային օրվա 2022 թ․ խորագրին՝ «Մաթեմատիկան միավորում է»:

Միջոցառմանը մասնակցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, որը շնորհավորել է ներկաներին Մաթեմատիկայի միջազգային օրվա կապակցությամբ։ Անդրադառնալով մաթեմատիկայի կարևորությանը՝ նա նշել է, որ հանրակրթության պետական նոր չափորոշիչը սահմանում է չորս պարտադիր առարկաներ, որոնցից մեկը մաթեմատիկան է։

«Միասնական քննությունների արդյունքներով, ցավոք, մաթեմատիկան շարունակում է մնալ այն առարկան, որից արձանագրվում են ամենացածր արդյունքները, և սա մեզ լրջորեն մտածելու տեղիք պետք է տա։ Եթե խոսում ենք STEM առարկաների զարգացման մասին, ապա առանց մաթեմատիկական գիտելիքների և կարողությունների առաջ չենք կարող գնալ, որովհետև հենց այդ գիտելիքն ու հմտությունն է, որ ֆունդամենտալ է և ճանապարհ է բացում բնագիտական այլ առարկաների ուսուցման համար։ Հետևաբար մենք խիստ կարևորում ենք, որ մաթեմատիկայի ուսուցման որակն էապես բարձրանա»,- նշել է Ժաննա Անդրեասյանը։

Ժաննա Անդրեասյան

Նախարարի տեղակալը բարձրաձայնել է նաև այս ոլորտում աղջիկների ակտիվության խրախուսման խնդիրը։ Նա փաստել է, որ առկա են որոշակի հանրային ընկալումներ և կարծրատիպեր, ըստ որոնց՝ բնագիտական առարկաները հեշտությամբ տրվում են տղաներին։

«Ցավոք, այս կարծրատիպերը վերարտադրվում են նաև դպրոցում, երբ որևէ մեկի անզգույշ խոսքը կարող է փակել մաթեմատիկայով հետաքրքրված աղջիկների ճանապարհը։ Հետևաբար մենք պետք է խրախուսման տարբեր ձևեր գտնենք և խոչընդոտ չհանդիսանանք այն մեծ ճանապարհին, որ կարող է ունենալ յուրաքանչյուր աղջիկ։ Միայն ՏՏ ոլորտում վերջին 5 տարում ավելի քան 4 անգամ բազմապատկվել է աղջիկների և կանանց ներգրավվածությունը։ Մեր երկիրն այս առումով աշխարհի մակարդակով ունի բավականին լավ ցուցանիշներ՝ ավելի քան 30 տոկոս մասնակցություն ՏՏ ոլորտում»,- նշել է փոխնախարարը։

Նա կարևորել է նաև, որ հանրակրթության պետական չափորոշիչը շեշտադրում է ոչ միայն գիտելիքը, քանի որ մաթեմատիկան նաև մեծ մասով կարողություն և հմտություն է` վերլուծական և քննադատական մտածողությունը զարգացնելու տեսանկյունից։ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ մաթեմատիկայի զարգացման ուղղությամբ իրականացվում են մի շարք ծրագրեր։ Օրինակ՝ նոր չափորոշիչների շրջանակում «Թումոյի» հետ համագործակցությամբ մշակվում է ծրագրային գործիք՝ մաթեմատիկայի վիրտուալ լաբորատորիա, որն առաջիկայում կփորձարկվի և կդառնա մաթեմատիկայի ուսուցումը խթանելու միջոց։

Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ «Արմաթ» լաբորատորիաների հետ սերտ համագործակցության շնորհիվ փորձ է արվում ստեղծելու մի միջավայր, որտեղ ինժեներական լաբորատորիաները կաջակցեն դպրոցում STEM ուղղության զարգացմանը։ Այդ նպատակով մշակվում են համատեղ ծրագրեր՝ մաթեմատիկայի ուղղությամբ նախագծային աշխատանքը զարգացնելու համար։

«ԿԳՄՍ նախարարությունը պատրաստակամ է աջակցելու բոլոր նմանօրինակ նախագծերին՝ առաջ տանելու ամենահիմնական գաղափարը՝ մաթեմատիկան կարևոր է, և բոլոր աղջիկները և երեխաները կարող են հաջողությամբ սովորել և կիրառել մաթեմատիկան իրենց կյանքում»,- շեշտել է նախարարի տեղակալը։

Միջոցառման մասնակիցներին ողջունել են նաև ՀՀ-ում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին և ՀՀ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը։

Նշենք, որ «ՄԱԹԵՄարդ» արշավը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների հետ համագործակցությամբ նախաձեռնել են ՄԱԶԾ ImpactAIM աքսելերատորը, ՅՈՒՆԻՍԵՖ-ը և ԻԼՏԿ հիմնադրամը։

«ՄԱԹԵՄարդ» արշավի շրջանակում Երևանում և Սիսիանում կազմակերպվել են հնգօրյա աշխատարաններ, որոնց, ընդհանուր առմամբ, մասնակցել է 10-14 տարեկան 40 աղջիկ։

Աշխատարանների մասնակիցները նկարիչ Տիգրան Մանգասարյանի ուղղորդմամբ և մենթորների՝ երիտասարդ կին գիտնականների օգնությամբ սովորել են կոմիքս ստեղծել, որի գլխավոր հերոսուհին՝ ՄԱԹԵՄարդը, մաթեմատիկական տարբեր կարողությունների շնորհիվ հաղթահարում է մարտահրավերները։

«ՄԱԹԵՄարդ» արշավի շրջանակում ՄԱԶԾ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը նաև «Մաթեմը՝ ամենուր» խորագրով լուսանկարների մրցույթ են կազմակերպել, որին ավելի քան 300 պատանի է մասնակցել։ Միջոցառման ընթացքում լավագույն լուսանկարների հեղինակները ստացել են հատուկ մրցանակներ։

ՅՈՒՆԻՍԵՖ-ը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը շարունակելու են աշխատել ՄԱԹԵՄարդ կոմիքսների գրքի էսքիզների վրա, որոնց վերջնական տարբերակը կթողարկվի հոկտեմբերի 11-ին՝ Աղջիկ երեխաների միջազգային օրը: