ԳլխավորԼուր

Մայր Աթոռն անդրադարձել է անչափահասների շրջանում թմրամոլության աճին, Հայաստանի և Արցախի շուրջ աղետալի զարգացումներին

Տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը

Հունիսի 5-8-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը, հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Ժողովն ատենապետեց Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը, իսկ նիստերը վարեց ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը:

Հայաստանում ու Արցախում ստեղծված կացության վերաբերյալ զեկույցներով հանդես եկան Արցախի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը և ԳՀԽ անդամ, ի.գ.դ. Գևորգ Դանիելյանը։

Զեկույցներում անդրադարձ կատարվեց Հայաստանի և Արցախի շուրջ աղետալի զարգացումներին, մասնավորաբար շրջափակման հետևանքով Արցախի ժողովրդին սպառնացող ցեղասպանության վտանգին և Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ իրականացվող ոտնձգություններին։ Անհանգստությամբ անդրադարձ եղավ նաև երկրի ներսում գոյացած մարտահրավերներին, հասարակական անհամերաշխությանն ու բևեռացվածությանը։

ԳՀԽ-ն խոր մտահոգությամբ արձանագրեց հայրենական կյանքում ստեղծված ծանր կացությունը։ Կարևորեց, որ Հայաստանի իշխանությունները հրաժարվեն ազգի արժանապատվությունը ոտնահարող գործողություններից և արտաքին թշնամիների նվաստացուցիչ հավակնություններին ու պահանջներին հակադրեն իրատեսական և բացառապես հայանպաստ դիրքորոշումներ՝ վճռականորեն պաշտպանելով Արցախի ժողովրդի ինքնորոշման անսակարկելի իրավունքը։

ԳՀԽ-ն իր զորակցությունը հայտնեց Արցախի ժողովրդին և իշխանություններին՝ արձանագրելով նաև, որ Արցախի ժողովրդի ազատ ու անկախ ապրելու արդար իրավունքը պաշտպանություն պիտի գտնի համազգային բոլոր շրջանակներում։ Ժողովականներն ընդգծեցին, որպետք է ամեն ջանք ի գործ դնել ժողովրդի միասնության ոգին զորացնելու և համերաշխության մթնոլորտ ձևավորելու համար։

Ժողովականները, մտահոգությամբ անդրադառնալով ադրբեջանական շրջափակման հետևանքով շարունակվող հումանիտար ճգնաժամային իրավիճակին, ընդգծեցին սոցիալական աջակցության ծրագրերի ընդլայման անհրաժեշտությունը։

Հանրակրթական դպրոցներում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդման և կրթական հիմնախնդիրների մասին զեկուցեց Եկեղեցական Հայեցակարգային բաժնի տնօրեն Տ. Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը՝ տեղեկացնելով, որ կառավարության նախաձեռնությամբ ՀՀ-ում Հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրմամբ առարկան ամբողջապես դուրս է բերվում կրթական ծրագրից։

Քննարկումների ընթացքում ԳՀԽ-ը, վերահաստատելով իր դիրքորոշումը, անթույլատրելի համարեց առարկայի դուրս բերումը հանրակրթական ծրագրից՝ ընդգծելով, որ այն կարևոր գործոն է սերունդների դաստիարակության ու կրթության առաքելության մեջ։ Այս համատեքստում անդրադարձ եղավ հատկապես անչափահասների շրջանում բռնությամբ ուղեկցվող ծանր հանցագործությունների ու թմրամոլության ահագնացող աճին։ Կենսական համարվեց, որ իշխանությունները գործնական և արդյունավետ քայլեր իրականացնեն՝ պայքարելու հիշյալ երևույթների դեմ, ինչպես և հասարակության մեջ, հատկապես կրթական հաստատություններում արժևորելու հանուն հայրենիքի պայքարի ելած, մեր նահատակ հայորդիների սխրանքը, որպեսզի չտկարանա ազգի զավակների հայրենանվիրումի ոգին։

Ժողովն ամփոփվեց Ամենայն Հայոց Հայրապետի օրհնության և գնահատանքի խոսքով։