ԳլխավորԼուր

Թաթոյանը խտրական է համարում ՄԻՊ տարեկան բյուջեն կրճատելու հնարավորություն տվող օրինագիծը

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը խտրական է համարում կառավարության մշակած օրինագիծը, որով հնարավորություն է ստեղծվում կրճատել ՄԻՊ գրասենյակի տարեկան բյուջեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թաթոյանն ասաց մարտի 13-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:

«Հայաստանի կառավարությունը մշակել է նախագիծ, որով նախատեսվում է վերացնել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի անկախությունը կառավարությունից և ԱԺ-ում կառավարող խմբակցությունից, այսուհետ խնդիրներ բարձրաձայնելու համար քաղաքական իշխանության մարմինները կարող են կրճատել մեր հաստատության ֆինանսավորումը: Հայաստանի ՄԻՊ օրենքում կա ամրագրված դրույթ, որի համաձայն՝ յուրաքանչյուր տարի ՄԻՊ աշխատակազմի ֆինանսավորման համար նախատեսված հատկացման չափը չի կարող պակաս լինել նախորդ տարվա պետական բյուջեով հատկացված չափից: Ես այս նախագիծը համարում եմ խտրական, որը ուղղված է ՄԻՊ գործունեությունը սահմանափակելուն»,- ասաց Թաթոյանը:

Արման Թաթոյանը նշեց, որ նախագիծը կառավարության նախարարական կոմիտեում քննարկվել է դեռևս նախորդ տարվա սեպտեմբերին, այնուհետև քննարկումները հետաձգվել են պատերազմի պատճառով ու վերսկսվել 2021թ. հունվարին:

«Այս հարցը կառավարության մարտի 11-ի նիստում ներառվել է, որպես չզեկուցվող հարց, իսկ ինքս այդ հարցին մասին իմացել եմ կառավարության նիստի ընթացքում՝ լրատվամիջոցներից: Նախորդ տարի ես կառավարությունում ներկայացրել եմ մեր սկզբունքային անհամաձայնությունները, իսկ որպես պատճառաբանություն նշվել է, որ նման դրույթները խանգարում են միջազգային ներդրումներին, ֆինանսական բարդությունների առաջացման դեպքում երկրում, բյուջեի մեկ հատվածից մյուսը գումարներ տեղափոխելու դեպքում, ճկունություն չի լինում: Նաև նշվել է, որ, եթե աշխատակազմին գումար հատկացնի պետությունը, օրինակ՝ շենքի վերանորոգման համար, հաջորդ տարի չեն կարող վերցնել այդ գումարը մեզնից»,- նշեց Մարդու իրավունքների պաշտպանը:

Արման Թաթոյանը հավելեց, որ ՄԻՊ-ի տարեկան բյուջեն այս տարի կազմել է 532 մլն 480 դրամ, որից աշխատանքի վարձատրության համար մասը հանած՝ տարեկան աճը կազմել է 2 մլն 350 հազար դրամ:

«Սա ակնհայտ հակասահմանադրական նախագիծ է: Այս նախագծի ընդունման դեպքում ես անմիջապես դիմելու եմ Սահմանադրական դատարան, որպեսզի վիճարկվի սահմանադրականությունը»,- ասաց Թաթոյանը:

Մարդու իրավունքների պաշտպանը հավելեց, որ միանգամից միջնորդելու է կասեցնել այդ դրույթի գործողությունը, որովհետև կարծում է, որ այն խնդիրներ է առաջացնելու նաև երկրի իրավական անվտանգության և ժողովրդավարության համար:

Comment here