ԳլխավորԶբոսանքներ Մարտինայի հետ

Սիրահարված կինը հրաշալիք է, մի մեծ գլուխգործոց

Կանայք… նման են ծաղկի՝ տարբեր բույրի, գույնի, բարձրության, ակնհայտ ու ծածուկ, արբեցնող… Կյանքի ու եղանակի հարվածներին դիմակայող, ամուր, բայց նրբագեղ։ Միշտ պետք է թողնել դաշտում, սարում, բնական միջավայրում, իսկ կտրած, տան գոլորշու մեջ մի քանի օր ճիգով բույր են արձակում, հետո գլխիկները կախում ու քնում։

Կնոջը մաքուր օդ է հարկավոր։ Երբ խախտվում է հավասարակշռությունը հարաբերությունների և աշխատանքի միջև, ի հայտ են գալիս խնդիրներ։ Բայց իմաստուն կինը միշտ գտնում է կյանքի երկու ոլորտները ներդաշնակելու ձևը։

Կինը արվեստի ստեղծագործություն է։ Մեծագույն նկարիչները, ռեժիսորները, գրողները ոգեշնչվել են կանանցով։ Կանայք հաճախ հետևում են նորաձևությանը, որը երկար ժամանակ կաղապարների մեջ է դրել կնոջը, ստեղծել ստանդարտներ, որոնց հետևել են տասնամյակներ։ Հիմա ազատագրման ժամանակներն են։

Նորաձև են բոլոր կանայք։ Գեղեցկությունը սահմաններ չունի. նիհարիկ, բարձրահասակ օրիորդ, պլյուս չափս հագնող, կենսախինդ կին, պեպեններով կարմրահեր կանայք, կենդանանախշ հագուստ նախընտրող կին, քարեր, փայլփլուն զարդեր օգտագործող կանայք…

Առաքելությունը…

Կինը ֆիզիոլոգիապես ստեղծվել է մայրանալու, մարդկության հարատևությունն ապահովելու համար։ Մայրությունը կնոջ կյանքի լավագույն փուլն է, որը ձգվում է երեխայի լույս աշխարհ գալու պահից։ Ամբողջ հոգատարությունը, սերն ու քնքշանքը տրվում է մանկիկին։ Սակայն կինը նաև գալիս է աշխարհ իր ստեղծագործականությունն ու գիտելիքները մարդկությանը ծառայեցնելու համար։ Այլևս գրողները չեն քողարկվում տղամարդու կեղծանվան տակ։

Այնուամենայնիվ, մեր ժամանակներում ևս կանայք ենթարկվում են բռնության։ Սովորաբար չեն բարձրաձայնում հենց սեփական դաստիարակության պատճառով։ Հեզ ու խոնարհ դիմանում են բռնարարների կամայականությանը։ Դառնում են խամրած էակներ։ Երբեմն կապանքներից ազատվում են ու սկսում կայանալ, հաճախ էլ զոհ են դառնում միջավայրին ու կորչում։ Նույն կերպ դաստիարակում են իրենց զավակներին…

Ցանկացած կնոջ հոգում կա կրակ, որին ընդամենը փոքր կայծ է հարկավոր բոցավառվելու համար։ Ու նա երևան կհանի իր բոլոր արժանիքները, կանացի քնքշանքն ու ներքին գույները։ Հաճախ դա գալիս է սիրո տեսքով։ Սիրահարված կինը հրաշալիք է, մի մեծ գլուխգործոց։ Ամեն օր ու ժամ կարելի է կնոջը գովերգել։

Արժանի է։

ՄԱՐՏԻՆԱ

Comment here