ԳլխավորԼուր

Երեխաների համաշխարհային օրն է. ՄԻՊ-ն ուղերձ է հղել

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը երեխաների հետ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի ուղերձը Երեխաների համաշխարհային օրվա առթիվ

«Հարգելի՛ գործընկերներ,
Սիրելի՛ երեխաներ,

Նոյեմբերի 20-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես Երեխաների համաշխարհային օր: Այս օրը բոլորիս լրացուցիչ հնարավորություն է տալիս ընդգծելու, որ երեխաների իրավունքների պաշտպանությունն ունի հիմնարար նշանակություն իրավական պետության և ժողովրդավար հասարակության կայացման տեսանկյունից։

Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունն ամենայն պատասխանատվությամբ է մոտենում այս առաքելությանը՝ լիահույս լինելով, որ ուժեղ և մարդասեր հասարակություն հնարավոր է կառուցել միայն այն պայմաններում, երբ յուրաքանչյուր երեխա հնարավորություն ունենա մեծանալու արժանապատիվ, սիրված և բռնությունից զերծ միջավայրում։

Այս օրը նաև լրացուցիչ առիթ է` վերաիմաստավորելու մեր համատեղ պատասխանատվությունը՝ ուղղված երեխայի իրավունքների պաշտպանության համակարգի կատարելագործմանը։

Վերջին տարիներին իրականացված մեր մշտադիտարկումները վկայում են, որ այս ոլորտում շարունակում են արդիական մնալ համակարգային մի շարք խնդիրներ: Դրանք, մասնավորապես, վերաբերում են բռնության դեպքերի բացահայտմանը, կանխարգելմանը և այդ դեպքերին համապատասխան կառույցների պատշաճ արձագանքամանը, երեխաների անձնական տվյալների պաշտպանությանը, կրթության հասանելիությանը, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքների լիարժեք ապահովմանը: Այս խնդիրները պահանջում են համակարգված և հետևողական մոտեցում։

Ներկայացված մարտահրավերների հաղթահարման նպատակով ես և ՄԻՊ աշխատակազմը պարբերաբար այցելում ենք Հայաստանի Հանրապետության տարբեր մարզեր, հանրակրթական ուսումնական և երեխայի խնամք ու պաշտպանություն իրականացնող հաստատություններ, որտեղ, ի թիվս այլնի, հանդիպումներ ենք ունենում երեխաների հետ, ներկայացնում նրանց իրավունքներն ու դրանց պաշտպանության կառուցակարգերը։

Հարկ եմ համարում հատուկ ընդգծել, որ այս գործընթացի արդյունքում երեխաների իրազեկվածության մակարդակն էապես բարձրանում է, ինչը նրանց հնարավորություն է տալիս առավել ազատ կերպով բարձրաձայնելու բռնության տարբեր տեսակների, բուլինգի և իրավունքների այլ խախտումների մասին։

Կարևոր է նաև նկատի ունենալ, որ երեխաների իրավունքների պաշտպանության արդյունավետ համակարգի գործարկումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ հասարակության յուրաքանչյուր անդամ առաջնորդվի երեխայի լավագույն շահի երաշխավորման սկզբունքով։

Սիրելի՛ երեխաներ,

Դուք աշխարհը գեղեցկացնում եք ձեր մաքրությամբ և անմիջականությամբ։ Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ այս խորհրդանշական օրվա առթիվ և մաղթում, որ ձեր մանկության ճանապարհը միշտ լեցուն լինի ջերմությամբ, սիրով, խաղաղությամբ և անսահման ժպիտներով»: