ԳլխավորԼուրՀայաստանս

Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է

Այսօր Հայաստանի ու Արցախի ազգային հերոս, Արցախյան պատերազմի մասնակից, հրամանատար Մոնթե Մելքոնյանի՝ Ավոյի ծննդյան օրն է։

Մոնթե Մելքոնյանը ծնվել է 1957 թվականի նոյեմբերի 25-ին Մեծ Եղեռնից փրկված և ԱՄՆ Կալիֆոռնիայի Վիսեյլիա քաղաքում հանգրվանած հայի ընտանիքում։ 1972 թվականի ամռանը տասնհինգամյա Մոնթե Մելքոնյանը ավարտում է միջնակարգ դպրոցը եւ մեկնում է Ճապոնիա՝ երկրի ամենահեղինակավոր «Tokyo Kamata High School» դպրոցում ուսումը շարունակելու նպատակով։ Մոնթեի՝ Ճապոնիա ուղարկելու որոշումը պատահական չէր կայացվել. նա երկար ժամանակ այցելում էր կարատեի խմբակներ և Կալիֆոռնիայի նահանգի պատանիների մինչև 14 տարեկանների խմբի չեմպիոնն էր, ուսումնասիրել էր ճապոնական մշակույթը, այդ թվում՝ մասնակցել էր ճապոներեն լեզվի դասընթացներին։

Մեկ ու կես տարում ճապոնական Օսակա քաղաքի վարժարանն ավարտելուց հետո մեկնում է Հարավային Կորեա, աշակերտում բուդդայական վանականի մոտ։ Ապա գնում է Վիետնամ, ականատես լինում պատերազմական գործողություններին, ստեղծում բազմաթիվ լուսանկարներ պատերազմի մասին։ Վերադառնում է Ամերիկա՝ լիովին տիրապետած ճապոներենին ու կարատեի մարտարվեստին։

20 տարեկանում ընդունվում է Կալիֆոռնիայի Բերկլիի համալսարան: Լայն աշխարհընկալում ու ընդունակություններ ունենալու շնորհիվ չորս տարվա դասընթացն ավարտում է կրկնակի տիտղոսով՝ ստանալով Հնագիտության և Ասիական պատմության մասնագետի վկայականներ։ Համալսարանում ուսանելու տարիներին հիմնում է «Հայ ուսանողական միություն» խմբակը և կազմակերպում ցուցահանդես` նվիրված 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում իրականացված Հայոց ցեղասպանությանը։

Մոնթեի ավարտական թեզը նվիրված էր Վանի թագավորության ժայռափոր դամբարանների ուսումնասիրությանը, որը նա պաշտպանում է 1978 թվականին։ Այնուհետև ընդունվում է Օքսֆորդի համալսարան, սակայն Անգլիա մեկնելու փոխարեն գնում է Արևմտյան Հայաստան, որպեսզի ուսումնասիրի և չափագրի Վասպուրականի հնագույն ժայռափոր դամբարաններն ու կացարանները։

1978 թվականի աշնանը մեկնում է Իրան, ապա Լիբանան՝ մասնակցելու Բեյրութի հայ համայնքի ինքնապաշտպանության մարտերին։

Այստեղ նա սովորում է արաբերեն և արդեն 22 տարեկանում տիրապետում էր հայերեն, անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, իտալերեն, թուրքերեն, պարսկերեն, ճապոներեն, քրդերեն լեզուներին։

1980 թվականից անդամագրվելով Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակին՝ կարճ ժամանակում դարձել է նրա ղեկավարներից մեկը։ 1981 թվականին նրա մասնակցությամբ կազմակերպվեց հայտնի «Վան» ռազմագործողությունը: 1981 թվականի նոյեմբերի 11-ին Ֆրանսիայի Օռլի օդանավակայանում Մոնթեն ձերբակալվեց կեղծ անձնագիր և ատրճանակ կրելու մեղադրանքով։ Նա սկզբում դատապարտվեց 4 ամսվա ազատազրկման, իսկ ավելի ուշ դատարանը որոշեց վտարել նրան Ֆրանսիայից։ Դատարանում Մոնթեն հայտարարեց՝ «Բոլոր հայերը կեղծ անձնագրեր են կրում՝ ֆրանսիական, ամերիկյան, դրանք կեղծ կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ դրանք հայկական չեն…»։

1985 թվականին նա նորից կեղծ անձնագրով ժամանեց Ֆրանսիա և մի քանի ամիս անց նորից ձերբակալվեց ահաբեկչություն կազմակերպելու մեղադրանքով։ Մոնթեն բանտից դուրս եկավ 1989 թվականի հունվարի 16-ին։

Հոդվածներով հանդես է եկել Փարիզի «Հայ Պայքար» և Լոնդոնի «Կայծեր» թերթերում, «Սարդարապատ» ամսագրում։

1991 թվականին գալիս է Հայաստանի Հանրապետություն, հիմնում է «Հայրենասերներ» ջոկատը։ Երևանում յոթ ամիս աշխատում է Գիտությունների ակադեմիայում՝ գրելով և հրատարակելով «Հայաստանը և հարևանները» գիրքը։ Նույն թվականի սեպտեմբերին մեկնում է Արցախի Հանրապետություն, որտեղ նրան անվանակոչում են Ավո մականունով։ Ռազմական տեսանկյունից մասնագիտական բարձր հմտություններ ցուցաբերելու շնորհիվ 1992 թվականին ստանձնում է Մարտունու պաշտպանական շրջանի շտաբի պետի պարտականությունը։ Նրա ղեկավարությամբ Մարտունին դարձավ Արցախի ամենապաշտպանված ու ամենամարտունակ շրջանը։ 1993 թվականի մարտ-ապրիլ ամիսներին նրա ղեկավարությամբ ազատագրվեց նաև Քարվաճառը:

Պաշտոնական վարկածով՝ Մոնթեն զոհվել է 1993 թվականի հունիսի 12-ին ադրբեջանական զրահամեքենայի կրակոցից, երբ հետախուզության նպատակով մարտընկերների հետ այցելել է Աղդամի շրջանի Մարզիլի գյուղի մատույցներ։ Թաղված է Եռաբլուրում։

Մոնթե Մելքոնյանի անունով է կոչվում Հայաստանի զինված ուժերի ռազմական ուսումնարաններից մեկը, փողոցներ Հայաստանում եւ Արցախում:

ՀԳ. 2020-ի նոյեմբերի 25-ին, եռակողմ հայտարարության համաձայն, Քարվաճառի շրջանը հանձնվեց ադրբեջանցիներին։

Comment here