ԳլխավորԼուր

Բուսաբանական այգում ներառական միջավայր էր

Այսօր Բուսաբանական այգում ներառական միջավայր էր՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրն ու Ծնողների համաշխարհային օրը նշելու համար, տեղեկացնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից։

«Անկախ բոլոր դժվարություններից ու երկրի առաջ ծառացած մարտահրավերներից՝ երեխաների համար պետք է երջանիկ մանկություն ապահովել: Հենց այդ նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի կազմակերպած միջոցառմանը մասնակցել են հանրակրթական ու հատուկ դպրոցների սաներ, Արցախից տեղահանված երեխաներ, հաշմանդամություն ունեցող երեխաներ, ինչպես նաև Պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացված «Փոխիր աշխարհը» արշավի մասնակիցներ:

Պաշտպանը երեխաների հետ քննարկել է ամենատարբեր հարցեր՝ սկսած ներառական կրթության կարևորությունից մինչև համացանցային անվտանգություն:

Երեխաներին խորհուրդ է տվել ամենակարևորը լավ սովորել, այդ թվում՝ օտար լեզուներ, լինել իրազեկված ինչպես սեփական իրավունքների, այնպես էլ պարտականությունների վերաբերյալ: Այդ նպատակով ևս մեկ անգամ հիշեցրել է Պաշտպանին դիմելու իրենց իրավունքի մասին:

Միջոցառման ընթացքում ևս մեկ անգամ համոզվեցինք, որ յուրաքանչյուր երեխայի կարողություն պետք է գնահատել յուրովի՝ խթանելով նրանց ինքնուրույն կյանք վարելը: Պետությունը պետք է ներդնի ամեն ջանք՝ երաշխավորելու իրական հնարավորություններ բոլոր երեխաների համար սեփական ուժերով հաջողությունների հասնելու նպատակով:

Լսողության առանձնահատկություններ ունեցող երեխաները մասնակիցների համար մնջախաղի միջոցով փոխանցել են կարևոր ուղերձներ այն մասին, որ հաշմանդամությունը հասարակությունում լիարժեք ինտեգրման, ինչպես նաև սեփական կարողություններն ամենատարբեր ոլորտներում բացահայտելու ու զարգացման խոչընդոտ չի կարող լինել:

Մնջախաղից հետո «Փոփոխությունների թատրոնի» դերասաններն ինտերակտիվ խաղի միջոցով երեխաներին իրազեկել են առողջ ապրելակերպի սկզբունքների մասին:

Միջոցառումն ուղեկցվել է ժեստերի լեզվով թարգմանությամբ, իսկ հյուրասիրությունը երեխաների համար իրականություն է դարձել «Արեգակ» ներառական փուռ-սրճարանի հետ համագործակցությամբ:

Հ.Գ. Բուսաբանական այգում տեղադրել էինք «Փոխիր աշխարհը» արշավի շրջանակում երեխաների կողմից նկարված պատկերներով արկղիկ, որտեղ երեխաներն իրենց դիմումներն են թողել Մարդու իրավունքների պաշտպանի համար:

Շնորհակալություն UNICEF Armenia — Յունիսեֆ Հայաստան-ին աջակցության համար:

Comment here