ԳլխավորԼուր

«Օմիկրոն» շտամն ու դրա ախտանշանները

«Օմիկրոն» շտամ

Հարավաֆրիկյան Հանրապետությունից բժիշկ Ունբեն Պիլլեյը պատմել է կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով ախտահարվածների մոտ ախտանշանների մասին, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Bloomberg գործակալությանը։

Բժիշկը նշել է, որ հիվանդությունն առայժմ դրսեւորվում է շատ թեթեւ ձեւով, բայց որեւէ պնդում անելը դեռ վաղ Է:

«Հիվանդների մոտ նկատվել են գրիպի ախտանշաններ, չոր հազ, տենդ, գիշերային քրտնարտադրություն եւ մարմնի կոտրատվածություն: Ես կարծում եմ, որ դա վերաբերում է COVID-19-ի մյուս բոլոր ալիքներին, որոնք մենք տեսել ենք»,-ասել է Պիլեյը:

Ավելի վաղ ՀԱՀ-ի մեդաասոցիացիան որպես գլխավոր ախտանշան նշել էր ուժեղ հոգնածությունը: Դրա հետ մեկտեղ հիվանդների մոտ համի եւ հոտառության կորուստ չի նկատվել։

Տեղեկանք. նոյեմբերի վերջերին հայտնի դարձավ, որ Բոտսվանայում ու Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում հայտնաբերվել են կորոնավիրուսի B.1.1.529 շտամով վարակման դեպքեր։ Այն S-սպիտակուցի մեջ առաջացնում է 32 մուտացիա, որոնք վարակում են բջիջները։

Մասնագետները կարծում են, որ B.1.1.529-ն իսկզբանե զարգացել է ՍՊԻԴ-ով հիվանդ կամ վարակակիր, թույլ իմունիտետ ունեցող մարդկանց մոտ։

Վարակման հարյուրավոր դեպքեր են արդեն գրանցվել Հոնկոնգում, Իսրայելում, Բելգիայում, Չեխիայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Իտալիայում, Ավստրալիայում, Պորտուգալիայում, Շոտլանդիայում, Նիդեռլանդներում, որտեղ վարակը դրսից է բերվել։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը արտակարգ նիստի ժամանակ B.1.1.529-ը համարեց «մտահոգիչ» ու այն անվանեց «օմիկրոն»։

Դրանով կարող են վարակվել թե COVID-19-ով արդեն վարակվածները, թե պատվաստվածները։