ԳլխավորԼուր

«ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով համարվում է ազատված զբաղեցրած պաշտոնից»

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով համարվում է ազատված զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին հայտարարություն է տեղադրված ՀՀ կառավարության կայքում։

«Առաջնորդվելով ՀՀ Սահմանադրության և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի վերաբերելի դրույթներով՝ վարչապետի կողմից 2021թ. փետրվարի 25-ին Հանրապետության նախագահին էր ներկայացվել առաջարկություն՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու վերաբերյալ՝ կցելով համապատասխան հրամանագրի նախագիծը:

2021թ. փետրվարի 27-ին վարչապետի աշխատակազմ են մուտք եղել Հանրապետության նախագահի առարկությունները վերոնշյալ նախագծի վերաբերյալ:

Նախագահի կողմից ներկայացված առարկությունները վարչապետի կողմից չեն ընդունվել, ինչի մասին 2021թ. փետրվարի 28-ին գրություն է ուղարկվել Հանրապետության նախագահին՝ համապատասխան հիմնավորումներով:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 35.1-ին հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետներում Հանրապետության նախագահը չի ստորագրել վարչապետի կողմից ներկայացված նախագիծը և չի դիմել Սահմանադրական դատարան, հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 3-րդ մասը, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 35.1-ին հոդվածի 6-րդ մասը և նույն օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասը` 2021թ. մարտի 10-ից ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով համարվում է ազատված զբաղեցրած պաշտոնից»։

Հիշեցնենք, որ փետրվարի 25-ին ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը հայտարարություն էր տարածել՝ պահանջելով ՀՀ վարչապետի ու կառավարության հրաժարականը այն բանից հետո, երբ մեկ օր առաջ վարչապետը որոշեց աշխատանքից ազատել ԳՇ պետի առաջին տեղակալ, ՀՀ ազգային հերոս Տիրան Խաչատրյանին։

Comment here