ԳլխավորԼուր

Ինչպես է պարետատունը պարզում վարակակրի շփման շրջանակը և կազմում ինքնամեկուսացված անձանց ցուցակը

ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պայմաններում պարետ Տիգրան Ավինյանի խորհրդական Բագրատ Բադալյանը ներկայացրել է, թե ինչպես է պարետատունը պարզում վարակակրի շփման շրջանակը և կազմում ինքնամեկուսացման անձանց ցուցակը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»ը, Բադալյանը նշել է, որ տվյալները հավաքվում են երկու եղանակով՝ առողջապահական մարմինների՝ անձի հետ անմիջապես շփվելով և պարզելով բոլոր այն հնարավոր կոնտակտները, որը հիվանդն ունեցել է։ Տվյալների երկրորդ խմբի հավաքումը պարետատունը վստահում է բջջային օպերատորներին։

«Դրանք են, մասնավորապես, հիվանդի ունեցած զանգերը վերջին շրջանում։ Զանգերի բովանդակությունը և տևողությունը մեզ չի հետաքրքրում, այդ տվյալները չեն հավաքվում։ Տվյալները հավաքվում են էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակի սերվերում, որոնք ամբողջությամբ պաշտպանված են և արտաքին ներգործության չեն կարող ենթարկվել։ Ունենալով զանգերի շփման շրջանակը՝ համադրվում են այդ կոնտակտավորի և զանգ կատարած անձանց տեղադիրքի տվյալները, որպեսզի պարզենք, արդյոք նույն տեղում այդ անձինք գտնվե՞լ են թե, ոչ։ Արդյունքում ստեղծվում է վարակակրի հետ շփված անձանց երկար ցուցակ»,- ասել է Բադալյանը։

Երկար ցուցակը կազմելուց հետո պարետատանը գործող արտակարգ իրավիճակների նախարարության և առողջապահության նախարարության աշխատակիցներն այդ ցուցակով զանգեր են իրականացնում և կատարում են հարցազրույց։  Որոշվում է՝ այդ մարդիկ ինքնամեկուսացման ենթակա՞ են, թե՞ ոչ։ Եթե այդ մարդիկ ինքնամեկուսացման ենթակա են, ապա նրանց ինքնամեկուսանալու հրահանգ է տրվում։

«Ստեղծվում է մեկ ամբողջական ցուցակ և այնուհետև հսկողություն, որպեսզի անձինք ինքնամեկուսացման ռեժիմը չխախտեն»,- նշել է Բադալյանը։

Վարակի տարածումը կանխարգելելու և դանդաղեցնելու նպատակով ներդրվել է նաև թվային ծրագիր, որի միջոցով պարետատունը հնարավորություն է ունենալու պոտենցիալ վարակակրի հետ շփված անձանց, որոնք ենթարկվում են ինքնամեկուսացման, վերահսկելու, նրանց հետ պարբերաբար շփում ունենալու, իմանալու առողջական վիճակի, կարիքների և այլնի մասին։

«Առաջին գործողության ընթացքում Արտակարգ իրավիճակների նախարարության և Առողջապահության նախարարության աշխատակիցները, ովքեր տեղակայված են պարետատանը, պարբերաբար հավաքում են տվյալներ, թարմացնում, լրացնում դրանք։

Երկրորդ գործողության ժամանակ պարբերաբար կարճ հաղորդագրություն է ուղարկվում ինքնամեկուսացված անձանց բջջային հեռախոսին։ Դա վեբ-ինտերֆեյսով կարճ հաղորդագրություն է, որի հղումով  քաղաքացիները անցնում են ինտերֆեյսին և պատասխանում առողջական վիճակի մասին հարցերին․արդյոք ունե՞ն ջերմություն, ախտանիշներ, թե՞ ոչ, ինչից հետո լուսանկարվում են, որպեսզի պարզենք, թե արդյոք անձն ի՞նքն է լրացրել տեղեկատվությունը, թե՞ ոչ և արդյոք գտնվում է ինքնամեկուսացման վայրում։

Լուսանկարման պահին մենք վերցնում ենք տեղեկություն անձի գտնվելու վայրի մասին և համադրում ինքնամեկուսացման անձից վերցրած տվյալների հետ։ Եթե դրանք չեն համընկնում իրար, ապա ավտոմատացված եղանակով հաղորդագրությունը փոխանցվում է ոստիկանություն հետագա գործողություններ իրականացնելու համար»,- ասել է Բադալյանը։

Ավինյանի խորհրդականի խոսքով՝ ոստիկանությունը տարածքային ստորաբաժանումների միջոցով այդ գործընթացը վերահսկում է. ստուգում անձի ներկայությունն այդ հասցեում, եթե վերջինս չի գտնվում այդ հասցեում, տուգանվում է։

Comment here