ԳլխավորԼուր

«Սալոմե». Վարդգես Սուրենյանցի վերականգնված գլուխգործոցը վերադարձել է ցուցասրահ

Վարդգես Սուրենյանցի «Սալոմե»-ն

Հայաստանի ազգային պատկերասրահը շարունակում է 2021-ին մեկնարկած «Վերականգնված ցուցանմուշի պատմություն» նախագիծը. այս տարի ներկայացվում է բոլոր ժամանակների ամենաառեղծվածային կերպարին պատկերող հայտնի գլուխգործոցի վերականգնման պատմությունը։ Դեռևս 2019 թ․ մշտական ցուցադրությունից հանված և վերականգնման արվեստանոց տեղափոխված Վարդգես Սուրենյանցի «Սալոմե»-ն վերադարձել է ցուցասրահ։

1907-ին ստեղծված ու 1929 թվականին Հռոմից Երևան տեղափոխված այս գլուխգործոցը մշտապես ներկայացված է եղել Հայաստանի ազգային պատկերասրահում։ 2019 թվականին «Սալոմեն» հիմնովին վերականգնման նպատակով տեղափոխվել է Հայաստանի ազգային պատկերասրահի «Վերականգնման և կոնսերվացման» բաժին։ Հինգ տարի տևած համալիր վերականգնումը Վարդգես Սուրենյանցի ամենատպավորիչ և ազդեցիկ կտավներից մեկին՝ «Սալոմեին», վերադարձրել է իր երբեմնի տեսքն ու շքեղությունը։

Հայ կերպարվեստի խոշորագույն վարպետ Վարդգես Սուրենյանցի վերականգնված կտավի կողքին այժմ ցուցադրվում են նաև վերականգնման երկարատև ընթացքը ներկայացնող ամփոփ տեսանյութն ու աշխատանքային լուսանկարները իրենց բացատրագրերով:

Նկարների վերականգնման արվեստանոցի մի անկյունը
Նկարների վերականգնման արվեստանոցի մի անկյունը

Էքսպոզիցիոն առաջին սրահը վերարտադրում է վերականգնման արվեստանոցի մի անկյուն՝ համապատասխան գործիքներով ու նյութերով աշխատանքային սեղան, նկարակալ և այլն։ Ենթատարածքի ամենահետաքրքիր «նմուշներից» են մանրադիտակն ու ուլտրամանուշակագույն լամպը, որոնցով այցելուն կարող է ինքնուրույն զննել ստեղծագործության վերականգնված հատվածները, երանգավորումներն ու այլ միջամտությունները: Ցուցահանդեսում ներկայացված է նաև «Սալոմե» կտավի շոշափելի կրկնօրինակը՝ պատրաստված տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար։

Ցուցադրության համադրողն է Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը: Ցուցահանդեսը գործում է մարտի 23-ից: