Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը նշում է հիմնադրման 93-ամյակը՝ ամփոփելով տասնամյակների հարուստ պատմությունն ու ձեռքբերումները, նշված է բուհի ֆեյսբուքյան էջում:
«1933 թվականի մարտի 1-ին ընդամենը մեկ ֆակուլտետի հիմքի վրա ստեղծված կրթօջախն այսօր դարձել է Հայաստանի գլխավոր տեխնոլոգիական բուհը, որն առաջնորդում է երկրի գիտակրթական առաջընթացը։
Կազմավորման առաջին օրերից Պոլիտեխնիկը եղել է Խորհրդային Հայաստանի զարգացող տնտեսության ու արդյունաբերության համար բարձրակարգ կադրերի գլխավոր դպրոցը՝ կրթելով սերունդներ, որոնք կառուցել են մեր երկրի ենթակառուցվածքները։ Անկախության տարիներին ՀԱՊՀ-ը հաջողությամբ ինտեգրվել է միջազգային կրթական տարածքին և այսօր արժանիորեն ներկայացնում է Հայաստանը համաշխարհային ակադեմիական համայնքում:
Ունենալով ծավալուն միջազգային համագործակցություններ աշխարհի առաջատար համալսարանների և տեխնոլոգիական հսկաների հետ՝ մենք ապահովում ենք կրթության բարձր որակ, ուսանողների և դասախոսների փոխանակման լայն հնարավորություններ: Սա հայ մասնագետներին թույլ է տալիս համաշխարհային աշխատաշուկայում լինել մրցունակ, առաջադեմ փորձը ներդնել հայրենական տնտեսության մեջ։
Պոլիտեխնիկը վստահ առաջ է շարժվում, շարունակում է իր առաքելությունը՝ պատրաստելով ոչ միայն հմուտ ինժեներներ, այլև հայրենիքի նվիրյալ քաղաքացիներ, որոնք պատրաստ են դիմակայել ժամանակի մարտահրավերներին»,-նշված է հաղորդագրության մեջ:
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews









