ԳլխավորԼուր

«Համավարակը ոչ թե պատճառն է, այլ` փոփոխված աշխարհի հետևանքը». Արմեն Սարգսյան

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը տեսակապի միջոցով հարցազրույց է տվել հնդկական StratNews Global հեղինակավոր տեղեկատվական պորտալին:

-Պարոն նախագահ, մեզ համար մեծ պատիվ է, որ համաձայնեցիք զրուցել մեզ հետ: Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ Ձեր երկրում իրավիճակը նույնն է, ինչ ամբողջ աշխարհում: Ինչպե՞ս եք գնահատում ստեղծված ընդհանուր իրավիճակը:

-Ես այժմ կասեմ մի բան, որը, գուցե, ձեզ տարօրինակ թվա։ Այն իրավիճակը, որում այսօր գտնվում ենք, կարծում եմ՝ կորոնավիրուսի պատճառով չէ։ Համավարակը ոչ թե պատճառն է, այլ` փոփոխված աշխարհի հետևանքը։ Տասնամյակներ շարունակ աշխարհն արագորեն փոխվում էր, և այն այսօր միանգամայն այլ է։ Մեր կյանքի մեծ մասն անցնում է վիրտուալ տիրույթում։ Մենք նույնիսկ պատշաճ չէինք էլ նկատել, որ մեր կյանքը փոխվել է։ Խորհելով այս երևույթի շուրջ՝ ես եկել եմ այն եզրահանգման, որ աշխարհն այլևս դասական չէ։ Ես այս նոր աշխարհն անվանում եմ քվանտային։ Այս նոր աշխարհում շատ բաներ դասական չեն։ Վերլուծություններս ներկայացրել եմ «Համաշխարհային ռիսկերի քվանտային վարքագիծը» իմ գրքում, և համաճարակներն այդ ռիսկերից մեկն են։ Օրինակ՝ եթե վարակն առաջանում է Չինաստանում, պարտադիր չէ, որ այն տարածվի անմիջապես Ռուսաստանում կամ Մոնղոլիայում: Այն կարող է տարածվել Իտալիայում, ԱՄՆ-ում, Իսպանիայում կամ աշխարհի ցանկացած այլ վայրում։ Եվ շատ դժվար է վերահսկել վարակի տարածումը, քանի որ մենք գործ ունենք քվանտային վարքագծի հետ։ Ուստի, հաշվի առնելով նաև մարդկային փոխկապակցվածությունը, այս վարակն արագորեն տարածվում է ամբողջ աշխարհով մեկ։

Քվանտային վարքագիծը հատուկ է ոչ միայն համավարակներին։ Տեսեք, թե ինչ է կատարվում ֆոնդային բորսաներում, ինչպիսին է կառավարությունների արձագանքը։ Ուստի իմ ուղերձը հետևյալն է. այս վարակը հետևանքն է այն բանի, որ մենք նույնիսկ չէինք էլ գիտակցում, որ ապրում ենք միանգամայն այլ՝ քվանտային աշխարհում։ Այս վարակը նոր է, և, հույս ունենանք, կկարողանանք հաղթահարել այն․ կարևորն ուժեղ իմունային համակարգ ունենալն է։ Բայց դա չի նշանակում, թե ապագայում այլ վարակներ ի հայտ չեն գա ։

-Պարոն Սարգսյան, ըստ Ձեզ, ի՞նչ պետք է անել վարակի տարածումը կանխարգելելու համար:

-Ի՞նչ պետք է մենք անենք։ Նախ և առաջ, պետք է նշել, որ մեզանից յուրաքանչյուրն ինչ-որ բան անում է։ Տարբեր երկրներում իրավիճակը տարբեր է։ Կան երկրներ, որտեղ իրավիճակը վերահսկելի է, սակայն որոշ երկրներում էլ այն աղետի է վերածվել։ Եվ կարևոր չէ, թե դու որտեղ ես։ Օրինակ՝ եվրոպական երկրներում՝ Իտալիայում, Իսպանիայում, նույնիսկ Մեծ Բրիտանիայում մեծ դժվարություններ են առաջացել։

Ի՞նչ է իրականում կատարվում։ Այս համավարակը փորձություն է ողջ մարդկության համար։

Սա փորձություն է անհատների, պետությունների, միջազգային կազմակերպությունների՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, Եվրոպական միության համար։ Վերջինս մեծ ներդրումներ է կատարել համընդհանուր տնտեսական, իրավական քաղաքականության ոլորտներում, սակայն, արդյո՞ք նրանք ունեն համավարակների դեմ պայքարի միասնական քաղաքականություն։

Սա փորձություն է նաև գործարարների համար, թե որքանով են նրանք լավ կառավարիչներ՝ իրենց բիզնեսը վերահսկելու առումով։

Սա նաև փորձառություն է ընտանեկան հարաբերությունների առումով, այն իմաստով նաև, թե ով է քո հարևանը։ Կարևոր է, թե որքան քաղաքակիրթ են քո հարևանները, արդյոք պահպանո՞ւմ են վարակի դեմ պայքարի բոլոր կանոնները՝ լվանում են ձեռքերը, դիմակ են կրում։

Սա նաև փորձառություն է այն առումով, թե որքան պատասխանատու անհատ ես դու։ Եթե դու երիտասարդ ես և վարակվելու դեպքում այն ավելի հեշտ կհաղթահարես, դու պետք է նաև պատասխանատու լինես և հոգ տանես տարեցների մասին։

Սա փորձություն է նաև շրջակա միջավայրի պահպանության առումով։ Տարիներ շարունակ մենք անտեսել ենք այս ոլորտի խնդիրները։ Ես կարող եմ մի օրինակ բերել։ Այժմ երբ իմ տնից նայում եմ իմ քաղաքին, այն բյուրեղյա մաքրություն ունի։ Մեքենաների թիվը քչացել է, գործարանները բավարար հզորությամբ չեն աշխատում, ուստի, օդը մաքուր է։

Սա փորձություն է նաև այն առումով, թե ինչպիսի քաղաքականություն են որդեգրում ֆինանսական շուկաները կամ կառավարությունները։

-Ձեր կարծիքով՝ ո՞րն է քվանտային քաղաքականության ապագան:

-Քվանտային քաղաքականությունը պարզապես գաղափար է, որը ես ցանկանում եմ դարձնել տեսություն։ Փորձեմ պարզաբանել, թե ինչպես կարող է քվանտային մեխանիկան աշխատել սոցիալական կյանքում և քաղաքականության մեջ։ Նախ և առաջ, պետք է նշել, որ մեր ապրած կյանքը նույնը չէ, ինչ հիսուն տարի առաջվա կյանքը։ Այն ավելի արագընթաց է դարձել նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ, իսկ մենք փոխկապակցված ենք։ Շատ երևույթներ մեր կյանքում այլևս դասական չեն, և դժվար է բացատրել դրանք։ Այսօրվա աշխարհում, որտեղ տասը միլիարդ մարդ է ապրում, մեզանից յուրաքանչյուրը մասնիկ է։ Մենք փոխկապակցված ենք, որը շատ առումներով դասական չէ, քանի որ այն լույսի արագությամբ է առաջ գնում։ Մենք գնալով ավելի ու ավելի շատ ենք նմանվում քվանտային մասնիկների, և մեր վարքագիծը՝ որպես անհատ կամ խումբ, չի կարող բնութագրվել տրամաբանության դասական մեթոդներով։ Ուստի պետք է նոր կանոններ գտնել ներկայումս տեղի ունեցող երևույթները հասկանալու համար։

Ամբողջությամբ՝ այստեղ։

Comment here