ԳլխավորԼուր

Կայացել է «Սասունցի Դավիթ» բջջային հավելվածի շնորհանդեսը

«Սասունցի Դավիթ» հավելված

Երվանդ Քոչարի թանգարանում բացվել է «Հայ դյուցազնավեպի քոչարյան պատկերապատումը» խորագրով ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են Հայաստանի ազգային պատկերասրահի տրամադրած Երվանդ Քոչարի «Սասունցի Դավիթ» էպոսի նկարազարդումների բնօրինակները: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Ցուցահանդեսի շրջանակում տեղի է ունեցել նաև «Սասունցի Դավիթ» ինտելեկտուալ և ժամանցային բջջային հավելվածի շնորհանդեսը, որի թարմացումն ու լրացուցիչ նյութերով համալրումն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ ու «Սասնա տուն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ։

«Սասնա տուն» հասարակական կազմակերպության փոխնախագահ Տավրոս Ավագյանը հայտնեց, որ հաշվի առնելով տեղեկատվական տեխնոլոգիաների սրընթաց զարգացումը, ինչպես նաև երիտասարդ սերնդի հետաքրքրությունները՝ «Սասունցի Դավիթ» էպոսի հանրահռչակումն ու տարածումը առավել արդյունավետ դարձնելու նպատակով 2017 թվականին ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ ստեղծվել է «Սասունցի Դավիթ» ինտելեկտուալ և ժամանցային բջջային հավելվածը, որը մեծ հետաքրքրություն է առաջացրել:

«Հետագայում ստեղծել ենք հավելվածի անգլերեն տարբերակը, ինչպես նաև ավելացրել նոր բաժիններ և խաղեր: Ավելի ուշ հավելվածը, ԿԳՄՍ նախարարության կողմից փորձաքննություն անցնելով և դրական եզրակացություն ստանալով, ընդգրկվել է կրթական համակարգում՝ որպես էպոսի ուսուցման հավելյալ նյութ: …Այս տարի ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ էպոսի ճանաչելիության բարձրացման նպատակով ստեղծեցինք ևս մեկ ինտելեկտուալ խաղ՝ «Բառախաղ», ինչպես նաև ավելացրեցինք ևս երեք՝ «Գիրք», «Պատկերասրահ» և «Կոմիքս» բաժինները»,- ասել է կազմակերպության փոխնախագահը և ներկայացրել հավելվածը:

Նշենք, որ հավելվածը ներբեռնելու համար հարկավոր է բջջային հեռախոսի «Փլեյ մարկետ» («Play Market») կամ «Ափ սթոր» («App Store») դաշտերում որոնել հավելվածը` հայերեն կամ անգլերեն գրելով Սասունցի Դավիթ («Sasunci Davit»):

Comment here