Արցախի հերոս Շահեն Մեղրյանի («Շահումյանի արծիվ») (2 հունվարի, 1952 – 17 ապրիլի, 1993) ծննդյան օրվա առթիվ ներկայացնում ենք մի հատված «Մեդիամաքսի»՝ նրա վերաբերյալ հոդվածից։
90-ականների սկզբին Միխայիլ Շեւելեւը «Մոսկովսկիյե նովոստի» թերթի թղթակիցն էր եւ հաճախ էր Անդրկովկաս այցելում։ Գործուղումներից մեկի ժամանակ նա ծանոթացել էր հայ հրամանատար Շահեն Մեղրյանի հետ։ «Մեդիամաքսը» խնդրել է Միխայիլ Շեւելեւին վերհիշել իրենց հանդիպումը։
Շահեն Մեղրյանի հետ ծանոթացանք 1991 թ․ձմռանը։ Դեռ Խորհրդային Միությունում։ Ես «Մոսկովսկիյե նովոստի» թերթի թղթակից էի, իսկ նրա ով լինելը ինձնից էր կախված։ Այսինքն՝ այն ռեպորտաժում, որի համար եկել էի Շահումյան, պիտի նրան ինչ-որ կերպ բնութագրեի, նրա դերը նկարագրեի։ Այդքան էլ դյուրին գործ չէր։
Այն ժամանակ արդեն ի հայտ եկած բոլոր ազատություններով հանդերձ, դեռ Խորհրդային Միություն էր, իր բոլոր շտամպերով ու սահմանափակումներով։ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ չկար ու չէր կարող որեւէ «պատերազմ» լինել․ թույլատրված էր միայն «իրադրությունը Լեռնային Ղարաբաղում եւ դրա շուրջ» ձեւակերպումը։ Ապօրինի զինված խմբավորումների դաշտային հրամանատարներ, պարտիզաններ կամ ապստամբներ նույնպես չկային։ Ստիպված էի Շահեն Մեղրյանին այսպես նկարագրել․ «․․․Շահումյանի շրջանում անառարկելի հեղինակություն վայելող մարդը»։ Նրա հետ ոչ մի հարցազրույցի մասին խոսք լինել չէր կարող․ես երջանիկ էի, որ կարողացա հոդվածում մեկ կարճ մեջբերում պահել։
Հետո եղան այլ հետսովետական պատերազմներ, այլ հրամանատարներ։ Նրանց մեջ տարբեր մարդիկ կային։ Բայց ես այլեւս երբեք չհանդիպեցի մեկին, ով պատերազմին կվերաբերեր Շահեն Մեղրյանի պարզությամբ։ Պատերազմը նրա համար աշխատանք էր, որը նա չէր փնտրել ու չէր սիրել։ Սակայն նրանից բացի այդ գործն անողներ չկային, եւ նա դա գիտեր։ Իսկ ցանկացած աշխատանք պետք է լավ արվի՝ դա գործի հանդեպ ոչ թե պարտաճանաչ սովետական ղեկավարի վերաբերմունք էր, այլ գյուղացու, ով ապրում է սեփական աշխատանքով եւ ոչ մեկի վրա չի կարող հույս դնել։
Նրա մեջ ոչ ֆանատիզմ կար, ոչ էլ գազանի ազարտ։ Նա պատերազմն ընկալում էր ոչ թե որպես օտարների սպանություն, այլ որպես յուրայինների փրկություն։ Եթե դրա համար պետք է սպանել, ուրեմն այդպես է պետք։ Եթե կարելի է չսպանել՝ փառք Աստծո։
Նրա մեջ կար հպարտություն լավ արված աշխատանքի համար։ Ռոմանտիզմ էլ կար։ Շահեն Մեղրյանը անկեղծ հավատում էր, որ կռվում է ոչ միայն հայերի կյանքները փրկելու համար, բայց եւ նրա համար, որ հայերը ապրեն այլ պետության մեջ՝ ոչ միայն անվտանգ, այլեւ ազնիվ ու արդար բոլորի համար։
Երբ Շահեն Մեղրյանը զոհվեց, ես բազմաթիվ վարկածներ լսեցի։ Մեղադրում էին եւ օտարներին, եւ յուրայիններին։ Այժմ, երբ անցել է քսանից ավելի տարի, կարծում եմ, ամենակարեւորն այլ հարց է՝ եթե Շահենը ողջ լիներ, կհավաներ արդյո՞ք այն, ինչ կտեսներ։
Ինձ թվում է, դժվար թե։ Դեռ չի ստեղծվել մի պետություն, որտեղ Շահեն Մեղրյանի նմանների համար արդարությունը կբավականացներ։
Նա պինդ մարդ էր, բայց դաժան չէր։ Նպատակասլաց էր, բայց ցինիկ չէր։ Ամբիցիոզ էր, բայց խենթ չէր։ Նման մարդկանց պատերազմում առաջինն են սպանում։
Այն միակ մեջբերումը մեր խոսակցություններից, որն ինձ հաջողվեց պահպանել «Մոսկովսկիե նովոստիի» ռեպորտաժում, այսպես էր հնչում․«Այս հողի համար արժե կռվել ու մահանալ»։ Փոքր-ինչ պաթոսայի՞ն է հնչում հիմա։ Չէ, դուք պարզապես Շահենին չեք ճանաչել։ Նա դրան հավատում էր։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews



