ԳլխավորԼուր

Մեկնարկել է Հայաստանի սուսերամարտի երիտասարդների առաջնությունը

Սուսերամարտ

Այսօր Սուսերամարտի մանկապատանեկան մարզադպրոցում մեկնարկել է մարզաձևի Հայաստանի երիտասարդական առաջնությունը, որին մասնակցում է շուրջ 100 մարզիկ Երևանից, Գյումրուց և Վանաձորից:

Առաջնության բացման արարողությանը ներկա է եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Մրցումային առաջին օրվա եզրափակիչ ելույթներից առաջ նախարարի տեղակալը ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում ունեցած վաստակի և ծննդյան 60-ամյակի կապակցությամբ Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ Արմեն Գրիգորյանին պարգևատրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալով: Ֆեդերացիայի նախագահը պարգևատրվել է նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ոսկե շղթայով:

Նշենք, որ այսօր կայացել են մրցումներ տղաների խոցասուսեր և աղջիկների ճկասուսեր մրցաձևերից: Տղաների պայքարում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Աշոտ Խալաթյանը, երկրորդ մրցանակակիր է դարձել Գրիգոր Մնացականյանը, իսկ երրորդ մրցանակին արժանացել են Գագիկ Դավթյանը և Հովհաննես Մուրադյանը:

Աղջիկների պայքարում առաջին մրցանակին արժանացել է Աիդա Ալոյանը, երկրորդ մրցանակակիրն Անի Սիմոնյանն է, իսկ լավագույն եռյակը եզրափակել են Ինեսա Հովհաննիսյանը և Միլենա Եսայանը:

Comment here