«Շրջանառվող այն տեղեկատվությունը, ըստ որի` Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ բնակավայրերում տարհանում է իրականացվում, իրականության հետ որևէ առնչություն չունի:
Հարգելի տավուշցիներ, շրջանցեք տարածվող ապատեղեկատվությունը: Տավուշի մարզում սահմանային իրավիճակը հանգիստ է»:
Այս մասին նշված է Տավուշի մարզպետարանի ֆեյսբուքյան էջում։
Ավելի վաղ սոցցանցերում լուրեր էին տարածվել, որ Նոյեմբերյանի գյուղերից տարհանում է իրականացվում։
Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, օգտագործվել են նաև ԱԹՍ-ներ։ Հայկական կողմը սեպտեմբերի 16-ի դրությամբ ունի 135 զոհ։
Սեպտեմբերի 14-ի երեկոյան հրադադար է հաստատվել, որը վերջին օրերին պարբերաբար խախտվում է։
Սեպտեմբերի 23-ի դրությամբ Ադրբեջանը Հայաստանին է հանձնել 133 (32, 95, 6) զինծառայողի մարմին, որոնք զոհվել են Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակման հետևանքով։
Ագրեսիայի հետեւանքով զոհվածների եւ անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: