Իրանի մայրաքաղաք Թեհրանը անցնող գիշեր ծանր ռմբակոծությունների է ենթարկվել, հարվածների թիրախում են եղել քաղաքի արևելյան, հարավային և արևմտյան հատվածները։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով իրանական լրատվամիջոցները, թիրախավորվել է Շարիֆի տեխնոլոգիական համալսարանը։ Հարվածի հետևանքով մեծ վնաս է կրել ոչ միայն համալսարանի շենքը, այլև դրա մոտակայքում գտնվող այլ շենքեր։
Սա վերջին մի քանի շաբաթների ընթացքում Իրանում հարվածի ենթարկված չորրորդ խոշոր համալսարանն է։
Հարվածները շարունակվել են նաև մայրաքաղաքից դուրս, այդ թվում՝ Քարաջում, Թեհրանում, Շիրազում, Սպահանում և Բուշերում։
Բանդար-է-Լենգեում զոհվել է վեց մարդ, Ղոմում՝ հինգ, իսկ մայրաքաղաքի հարավային ծայրամասում գտնվող Բահարեստանում՝ առնվազն 13 մարդ, այդ թվում՝ վեց երեխա։
Հիշեցնենք՝ ամերիկա-իսրայելական ռմբակոծությունների առաջին օրը՝ փետրվարի 28-ին, հարվածի տակ էր հայտնվել իրանական Մինաբի աղջիկների տարրական դպրոցը։ Զոհվել է 168 աշակերտուհի և ուսումնական հաստատության 14 աշխատակից։
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews




