ԳլխավորԼուր

Ամենայն հայոց կաթողիկոսը ցավակցել է Իրանի նախագահին ու ժողովրդին

Մայր աթոռ սուրբ Էջմիածին

Հունվարի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ծայրագույն պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսը ցավակցական նամակ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Իբրահիմ Ռայիսիին՝ Իրանի Խոյ քաղաքում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի կապակցությամբ, հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

«Խոր ցավով տեղեկացանք Իրանի Խոյ քաղաքում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի մասին, որի հետևանքով կան ավերվածություններ, մարդկային զոհեր և վիրավորներ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Մեր ցավակցությունն ու աղոթական զորակցությունն ենք բերում Ձեզ, Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությանը և Իրանի համայն ժողովրդին», – նշել է Վեհափառ Հայրապետն իր ցավակցագրում:

Նորին Սրբությունը նաև առողջություն է մաղթել երկրաշարժից տուժած վիրավորներին:

Հիշեցնենք, որ հունվարի 28-ին Իրանի Խոյ քաղաքից 34 կմ հարավ–արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8 բալ: Երկրաշարժի հետևանքով մահացել է 3 մարդ, տուժել է ավելի քան 800-ը։

Երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանի Սյունիքի, Վայոց Ձորի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի մարզերում ու Երևան քաղաքում։

Նշենք, որ հունվարի 29-ին կրկին երկրաշարժ է գրանցվել, այս անգամ Իրանի Խոյ քաղաքից 22 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 5.0 մագնիտուդով։