ԳլխավորԼուր

Ցորենի պաշարները սպառվում են. մարդկությանը սո՞վ է սպառնում

Ցորենի արտ

Վերջին շաբաթներին ցորենի գներն աշխարհում դուրս են եկել վերահսկողությունից, ինչը մարդկությանը սովով է սպառնում։ Այս մասին գրում է գերմանական Deutsche Wirtschafts Nachrichten պարբերականը,փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Ինչպես նշել է Commerzbank-ի վերլուծաբան Կարստեն Ֆրիտչը, Ռուսաստանին և Ուկրաինային բաժին է ընկնում ցորենի համաշխարհային մատակարարումների մինչև 30 տոկոսը։ Նրա խոսքով՝ այժմ այդ երկու երկրները կտրված են համաշխարհային շուկայից:

«Ցորենը թանկանում է ինչպես երբեք, և շատ երկրներում ճգնաժամ է հասունանում»,- նշված է հոդվածում:

Մասնագետը կարծում է, որ ստեղծված իրավիճակում հատկապես խոցելի են Հյուսիսային Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի երկրները՝ հացահատիկի խոշորագույն ներկրողները:

Բացի այդ, ցորենի խոշորագույն արտահանողների՝ ԵՄ-ի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Կանադայի, Գերմանիայի, Ուկրաինայի, Արգենտինայի, Ավստրալիայի և Ղազախստանի պահուստների նվազումը կխորացնի մատակարարման ճգնաժամը։ Այժմ այդ երկրների պաշարները 9 տարիների ընթացքում նվազագույն մակարդակի վրա են՝ 57 մլն տոննա, ինչը պետք է բավարարի աշխարհին 27 օր, իսկ առանց Ռուսաստանի և Ուկրաինայի պահուստների՝ 3 շաբաթից էլ քիչ։

Հոդվածում նշվում է, որ 2016 թվականի նոյեմբերին մեկ տոննա ցորենն արժեցել է 113 եվրո, 2021 թվականի ապրիլին՝ 165, իսկ նոյեմբերին՝ արդեն 278, և այդ միտումը պահպանվում է: