ԳլխավորԼուր

Մեր դպրոցներում ուսուցիչների 1790 թափուր տեղ կա, արցախցիները կարող են դիմել. Ժաննա Անդրեասյան

Ուսուցիչն ու աշակերտը դասասենյակում

ԿԳՄՍ նախարարությունն ունի ծրագրեր Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների համար. դրանք առաջիկա օրերին կմեկնարկեն:

Այս մասին այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտնեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նրա խոսքով` իրականացվում է ուսուցիչների թափուր տեղերի հավաքագրում: Նախարարը հայտնեց` այս պահին ունենք ուսուցիչների 1790 թափուր տեղ մեր դպրոցներում, որտեղ կարող են ներգրավվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված  ուսուցիչները.

«Առաջիկա օրերին նրանք կկարողանան դիմել կոնկրետ իրենց դասավանդած առարկայի ուղղությամբ թափուր աշխատատեղի համար` ընտրելով մարզը, բնակության կոնկրետ վայրը: Ուսուցչի աշխատանքը մրցութային ձևով իրականացվող աշխատանք է, և որպեսզի այս ընթացակարգը պարզեցվի, նրանք կկարողանան առանց մրցութային ընթացակարգի գործուղվել տվյալ դպրոց, սա առաջ կբերի նաև աշխատավարձի 30 տոկոս հավելավճարի հնարավորություն, ինչն այս օրերին կլինի լրացուցիչ աջակցություն մեր հայրենակիցների համար»: