ԳլխավորԼուր

Վերանորոգվել է Վանաձորի մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է ՀՀ Լոռու մարզի Վանաձորի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության վերանորոգված կենտրոնի բացման արարողությանը, հայտնում են նախարարությունից:

Կենտրոնը վերանորոգվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության համագործակցությամբ՝ «Ներառական կրթության համակարգի հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակում: Վանաձորի ՏՄԱԿ-ի բացմամբ՝ ամփոփվել է ծրագիրը։

«Ծրագրի շրջանակում մեր երեք մարզերում՝ Սյունիքում, Լոռիում և Շիրակում, կարողացել ենք ներառականության պահանջներին համապատասխանեցնել ուսումնական հաստատությունների ու տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների պայմանները: Չնայած բարդություններին՝ կարողացանք ծրագիրը հասցնել իր տրամաբանական ամփոփման կետին ու այսօր միասին տեսնում ենք, թե ինչ նոր պայմաններ են ստեղծված երեխաներին անհրաժեշտ ծառայությունները տրամադրելու համար»,- ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Ըստ նախարարի՝ համընդհանուր ներառումն իրողություն է ինչպես նախադպրոցական, այնպես էլ արհեստագործական և մասնագիտական կրթության ոլորտներում: Հիմնական նպատակը ՏՄԱԿ-ները հզորացումն է՝ աջակցելու մանկավարժներին, ուսուցիչներին, դասախոսներին, ինչպես նաև գնահատելու սովորողների կարիքներն ու տրամադրելու այն ծառայությունները, որոնց անհրաժեշտությունը կա, և դրանք հասանելի չեն ուսումնական հաստատության մակարդակում:

ՏՄԱԿ-ի տնօրեն Սասուն Հարությունյանի տեղեկացմամբ՝ 2022 թվականից կենտրոնն աջակցում է նաև նախադպրոցական ուսումնական հաստատություններին։ 2023 թ. կներգրավվեն նաև քոլեջներն ու ուսումնարանները։ Ընդհանուր առմամբ՝ Վանաձորի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնը կսպասարկի 92 դպրոց, 23 նախադպրոցական հաստատություն, 6 քոլեջ՝ ներառյալ Ալավերդու մասնաճյուղը։

Հյուրերը շրջել են ՏՄԱԿ-ում, ծանոթացել պայմաններին, դիդակտիկ հագեցվածությանը և գործունեությանը։ Ծրագրի շրջանակում նորոգվել և կահավորվել են 5 սենյակ և 7 առաջնային կարիքի ենթակառուցվածք։

Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ՀՀ Լոռու փոխմարզպետ Հովհաննես Ավետիսյանը, Վանաձոր համայնքի ղեկավար Արկադի Փելեշյանը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն, պաշտոնատար այլ անձինք:

«Ներառական կրթության համակարգի հզորացում Հայաստանում» հնգամյա ծրագրի շրջանակում իրականացվել է ՀՀ Սյունիքի, Շիրակի, Լոռու մարզերում 27 հանրակրթական դպրոցների վերանորոգում, արտադպրոցական ծառայությունների իրականացման համար գույքի և սարքավորումների տրամադրում, ինչպես նաև 3 մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների փոքրածավալ վերանորոգում, յուրաքանչյուր կենտրոնում ռեսուրս — սենյակների վերանորոգում, կահույքի և կրթական խաղերի տրամադրում։