ԳլխավորԼուր

Երևանի «Ոսկե ծիրան» 20-րդ միջազգային կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 9-16-ը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ հուլիսի 9-16-ը կանցկացվի Երևանի «Ոսկե ծիրան» 20-րդ հոբելյանական միջազգային կինոփառատոնը: Փառատոնի գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է:

Փառատոնին ընդառաջ՝ հունիսի 14-ին, Երևանի քաղաքապետարանում կայացել է «Ոսկե ծիրան» միջազգային 20-րդ կինոփառատոնի մեկնարկին նվիրված մամուլի ասուլիս։ Բանախոսներն էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր, նախագահ Հարություն Խաչատրյանը, կինոփառատոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը, կինոփառատոնի միջազգային բաժնի ղեկավար Վարվառա Հովհաննիսյանը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, ողջունելով ներկաներին, նշել է, որ տարին կրկնակի հոբելյանական է՝ նշվում են Հայ կինոյի 100-ամյակը և «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնի 20-ամյակը: Օգտագործելով հոբելյանական առիթը՝ Արա Խզմալյանն իր խորին շնորհակալությունն է հայտնել բոլոր այն մարդկանց, որոնք իրենց ջանքերն ու եռանդն են ներդրել փառատոնի կայացման գործում:

«Վստահաբար կարող եմ ասել, որ «Ոսկե ծիրանը» հանգուցային ծրագրերից է Հայ կինոյի 100-ամյակի շրջանակում: Փառատոնի կայացման գործում պահանջվում են մեծ ջանք, ճիգ, համբերություն, ներդրում, և փառատոնն այնպիսի մշակութային երևույթ է, որի արժեքը որոշվում է նաև իր տարիքով և ձևավորած ավանդույթներով: Այս առումով «Ոսկե ծիրանը» մեր մշակութային համայնապատկերում անչափ արժեքավոր փառատոն է, որը հաղորդակից է դարձնում մեզ միջազգային գեղարվեստական գործընթացներին: Փառատոնը նաև այն մեծ միջանցքն է, որի միջոցով տարբեր կինոշուկաներում դիրքավորված արվեստագետները, կինոգործիչներն ու կինոարտադրողները մուտք են գործում մեր երկիր՝ ընդլայնելով համագործակցությունը Հայաստանի և աշխարհի միջև»,- ընդգծել է Արա Խզմալյանը և հոբելյանական փառատոնի շրջանակում բոլորին մաղթել գեղարվեստական բերկրանքի պահեր:

Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր, նախագահ Հարություն Խաչատրյանի խոսքով՝ փառատոնն այս տարի նշում է իր 20-րդ հոբելյանը, ինչն անչափ հուզիչ է: Կինոփառատոնի հիմնադիրը շնորհավորել և շնորհակալություն է հայտնել բոլոր տարիների գործընկերներին՝ փառատոնի կայացման և զարգացման գործում ունեցած ներդրման և ավանդի համար: Նա առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել ՀՀ ԿԳՄՍ նախարարությանն ու Երևանի քաղաքապետարանին՝ փառատոնին մշտապես աջակցություն ցուցաբերելու համար:

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը նույնպես շնորհավորել է բոլորին փառատոնի 20-ամյակի կապակցությամբ և արձանագրել, որ տարեցտարի փառատոնն իր աշխարհագրությամբ և որակական հատկանիշներով աճում է, ինչը վստահաբար կարևորվում է կինոսերների կողմից: Փոխքաղաքապետը առանձնահատուկ շնորհավորել է Երևանի «Ոսկե ծիրան» փառատոնի ամբողջ անձնակազմին և նշել, որ փառատոնը քաղաքի ամենակարևոր իրադարձություններից մեկն է, և քաղաքապետարանի համար մեծ պատիվ է լինել փառատոնի կողքին:

Կինոփառատոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանն էլ տեղեկացրել է, որ հոբելյանական տարում փառատոնն ընդունելու է հռչակավոր արվեստագետների՝ աշխարհի տարբեր երկրներից:

«Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, որոնք իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն կինոսերներին։ Փառատոնի պատվավոր հյուրերից են Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենի» մրցանակի կրկնակի դափնեկիրներ Դարդեն եղբայրները, ինչպես նաև Լոկառնոյի կինոփառատոնի «Ոսկե հովազի» դափնեկիր, պորտուգալացի ռեժիսոր Պետրո Կոշտան, որը փառատոնի ընթացքում կանցկացնի հատուկ աշխատարան՝ «Կորիզ» կարճամետրաժ մրցութային ծրագրի ֆիլմերի հեղինակների հետ։ Փառատոնի լիամետրաժ մրցույթի ժյուրիի կազմը գլխավորում է Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծ» մրցանակի դափնեկիր, ֆիլիպինցի ճանաչված ռեժիսոր Լավ Դիասը։ «Կորիզ» կարճամետրաժ մրցութային ծրագրի ժյուրիի նախագահն է օսկարակիր պրոդյուսեր Ջերեմի Թոմասը։ Փառատոնի հատուկ հյուրերից են Կաննի կինոփառատոնի «Հատուկ հայացք» ծրագրի գլխավոր մրցանակակիր, ղազախ ռեժիսոր Սերգեյ Դվորցևոյը և Կաննի կինոփառատոնի հետխորհրդային տարածաշրջանի գլխավոր խորհրդատու Ժոել Շապրոնը»,- տեղեկացրել է Կարեն Ավետիսյանը և հավելել, որ հոբելյանական տարում փառատոնը կրում է «Հետ նայելով գալիքին» խորագիրը:

Կինոփառատոնի միջազգային բաժնի ղեկավար Վարվառա Հովհաննիսյանը ներկայացրել է փառատոնային ֆիլմերի ծրագիրը: Նրա տեղեկացմամբ՝ «Լիամետրաժ միջազգային մրցույթ» անվանակարգում ներկայացված են 11 ֆիլմեր՝ շուրջ 90 երկրներից: Այս տարի ևս միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև «Երևանյան պրեմիերաներ» ծրագրով կցուցադրի ֆիլմեր ամենահեղինակավոր (Կաննի, Բեռլինի, Վենետիկի և այլն) կինոփառատոներից: Փառատոնն առանձնահատուկ անդրադարձ կունենա Հայ կինոյի և «Ոսկե ծիրանի» հոբելյաններին։ Փառատոնի շրջանակում տեղի կունենա իրանական կինոյի նշանավոր վարպետներից մեկի՝ Սամուել Խաչիկյանի ֆիլմերի առաջին հետահայաց ցուցադրությունը Հայաստանում։

Նշենք, որ փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը կկայանա հուլիսի 9-ին Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Փառատոնի անցկացման հիմնական հարթակներն են Երևանի կինոյի տունն ու «Մոսկվա» կինոթատրոնը։ Փառատոնի բացումը կազդարարվի ռեժիսոր Ջեսիկա Վուդվորթի «Լուկա» (Բելգիա, Իտալիա, Նիդեռլանդներ, Բուլղարիա, Հայաստան) ֆիլմով, որի պրեմիերան կայացել է «Ռոտերդամի» փառատոնի շրջանակում։ Ֆիլմում Ջերալդին Չապլինի հետ գլխավոր դերերից մեկը մարմնավորել է դերասան Սամվել Թադևոսյանը։ Փառատոնի փակմանը կցուցադրվի կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի «Օրացույցը» ֆիլմի նոր գունաշտկված տարբերակը՝ ֆիլմի ստեղծման 30-ամյակի առթիվ։ Փառատոնին կցուցադրվեն երկու տասնյակից ավելի հայկական ֆիլմեր՝ տարբեր անվանակարգերում, որոնց զգալի մասը ստեղծվել են Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ, այդ թվում՝ բացման ֆիլմը։ Կներկայացվի նաև հայ կինոյի 100-ամյակին նվիրված հատուկ ծրագիր։ Կինոփառատոնի «Gaiff Pro» կրթական և արտադրական հարթակը, որը ինչպես միշտ կանցկացվի փառատոնի օրերին, առաջին անգամ կաջակցի ոչ միայն լիամետրաժ, այլև կարճամետրաժ կինոյին։