«Սամսունգի ինովացիոն կամպուս» նախաձեռնության շրջանակում UWC Դիլիջանի դպրոցում 2022 թվականին կմեկնարկի «Բջջային հավելվածներ՝ անդրոիդի համար» մեկամյա ծրագիրը, որին կարող են դիմել Գյումրիի, Տավուշի և Երևանի 14-16 տարեկան երեխաները, որոնք հետաքրքրված են տեղեկատվական տեխնոլոգիաներով։ Ռուսաց լեզվի իմացությունը կարևոր է, քանի որ ծրագիրը դասավանդվելու է ռուսերենով: Ուսուցումն անվճար է:
Մանրամասներ ծրագրի վերաբերյալ
• Ծրագրի տևողությունը մեկ ակադեմիական տարի է՝ 132 ակադեմիական ժամով, որից 122 ժամը դասընթաց է՝ շաբաթական 4 ժամ տևողությամբ, 8 ժամը խորհրդատվություն է անհատական նախագծերի վերաբերյալ, 2 ժամը անհատական նախագծերի ներկայացում է:
• Դասերն անցկացվելու են հանգստյան օրերին, կարող են ներառել հեռավար ձևաչափով ակտիվություններ: Կկազմակերպվեն նաև բութքեմփեր:
• Դասերն անցկացվելու են UWC Դիլիջանի դպրոցում՝ «Սամսունգի» ժամանակակից տեխնիկայով համալրված համակարգչային լաբորատորիայում:
• Ապահովվելու է տրանսպորտ Տավուշի մարզից, Երևանից և Գյումրիից:
Ծրագիրը բաղկացած է հինգ մասից՝ «Ջավա ծրագրավորման հիմունքներ», «Օբյեկտկողմնորոշված ծրագրավորման ներածություն», «Անդրոիդ հավելվածների ծրագրավորման հիմունքներ», «Ալգորիթմները և տվյալների կառուցվածքները Ջավա լեզվում», «Բջջային հավելվածների սերվերային մասի ծրագրավորման հիմունքներ»:
Հավելյալ տեղեկություններ հասանելի են samsungcampus.uwcdilijan.am կայքում, հարցերի դեպքում կապ հաստատել +374 60 750 800 (ներքին 1104), +374 93 844 975 հեռախոսահամարներով, samsungcampus@uwcdilijan.am կոնտակտային տվյալներով (կոնտակտային անձ՝ ծրագրի ղեկավար Վարդան Ավագյան):