ԳլխավորԼուր

Հովհաննես Շարամբեյան — 95. Դիլիջանում ցուցահանդես է բացվել

Դիլիջանի Երկրագիտական թանգարան-պատկերասրահում օգոստոսի 17-ին բացվել է գեղանկարիչ, թանգարանաստեղծ Հովհաննես Շարամբեյանի 95-ամյակին նվիրված՝ «Ավանդականի, արարման ու գույնի նվիրյալը» խորագիրը կրող ցուցահանդեսը:

«Խոսել Հովհաննես Շարամբեյանի մասին և ասել, որ նա միայն արվեստագետ է կամ գեղանկարիչ՝ նշանակում է ոչինչ չասել։ Շարամբեյանը բազմաբովանդակ անձնավորություն է եղել։ Գեղանկարիչը նրա մասին խոսելիս ասում է՝ գեղանկարիչ, ազգագարագետը՝ ազգագրագետ, այլ ոլորտի մասնագետները նրան ևս համարում են կոլեգա։ Խորհրդային փակ համակարգում նրա վարած կազմակերպչական գործունեւությունը կարելի է իր բրենդային անվանումով կոչել զարգացնող։ Այն ժառանգությունը, որը Շարամբեյանը թողել է Դիլիջանին վկայում է այն մասին, որ նա իրոք եղել է ոչ միայն մշակույթի զարգացնողը։

Շնորհակալ ենք Դիլիջանի երկրագիտական թանգարանի տնօրեն Արման Բադեյանին, որ հնարավորություն է տվել ներկայացնել ՊՈԱԿ-ի ֆոնդերում պահվող Շարամբեյանի ժառանգությունը, մեր հարգանքի տուրքը մատուցել մեծ հայի հիշատակին։ Շնորհակալություն նաև Ժողովրդական արվեստների թանգարանի տնօրեն Լուսինե Թորոյանին՝ գործակցության համար», -բացման խոսքում մասնավորապես ասել է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը։

Գեղանկարչի թոռը՝ Նարեկ Վան Աշուղաթոյանը շնորհակալություն հայտնելով միջոցառման կազմակերպիչներին, նշեց, որ ՊՈԱԿ-ը և Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահը միշտ վառ են պահել Հովհաննես Շարամբեյանի հիշատակը։ Նրա խոսքով, իր պապի հիշատակը վառ պահելու ամենադրական դրսևորումն այն է, որ նրա թողած ժառանգությունը կյանք վերադառնա ու ապրի։

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի, Դիլիջանի Երկրագիտական թանգարանի և Հովհ․ Շարամբեյանի ժառանգների նախաձեռնությամբ անցկացվող միջոցառմանը ներկայացվել են արվեստագետի գեղանկարները, լուսանկարները, անձնական իրերը, գեղանկարչի կյանքը։

Նկարչական գործունեությանը զուգահեռ, Շարամբեյանը հավաքել, պահպանել ու սերունդներին է փոխացնել հայ ժողովրդի կենցաղի, արվեստի արժեքավոր նմուշներ: Ազգային մշակույթը պահպանելու նպատակով հավաքել է հայկական ժողովրդական արվեստի նմուշները, իր շուրջն է համախմբել ասեղնագործության, փայտի, գորգագործության, արծաթագործության, բրուտագործության և այլ ոլորտների վարպետների՝ առաջնորդել նրանց դեպի ազգային մշակույթի ակունքները:

Երեկ Հովհ․ Շարամբեյանի ծննդյան 95-ամյակին նվիրված «Հացին երգը» խորագիրը կրող միջոցառում էր անցկացվել նաև Ժողովրդական արվեստների թանգարանի Դիլիջանի մասնաճյուղում։

Comment here