Սեուլի իշխանությունները մարտի 1-ին հայց են ներկայացրել դատախազություն «Շին-չոնջիի վկայության տապանակի տաճար» աղանդի 12 ղեկավարների դեմ՝ մեղադրելով նրանց սպանության, վնաս պատճառելու եւ վարակիչ հիվանդությունների տարածման վերահսկման օրենքը խախտելու մեջ, տեղեկացնում է BBC-ն։
Պաշտոնական տվյալներով` Հարավային Կորեայում կորոնավիրուսի վարակի տարածումը սկսվել է Տէգու քաղաքից, որտեղ աղանդի հետեւորդները վարակել են միմյանց ծիսական արարողության ժամանակ։
Հայցը ներկայացնելու պատճառներից է նաեւ երկրում աճող դժգոհությունը աղանդի նկատմամբ, որի ղեկավարն իրեն փրկիչ է անվանում։
Բժշկական ծառայությունները ստուգել են բոլոր 230 հազար աղանդավորներին, որոնցից 9 հազարը տեղեկացրել է, որ կորոնավիրուսի ախտանշաններ ունի։ Աղանդի 88-ամյա ղեկավար Լի Ման Հին եւս ստուգվել է, սակայն արդյունքների մասին առայժմ չի տեղեկացվում։
Միեւնույն ժամանակ Հարավային Կորեայի բոլոր կաթոլիկական եկեղեցիները կիրակի օրը փակ են եղել՝ Covid-19 վիրուսի տարածման կանխարգելման միջոցոռումների շրջանակում։
Չեղյալ են հայտարարվել նաեւ բազմաթիվ զանգվածային միջոցառումներ, այդ թվում՝ BTS փոփ-խմբի համերգը։
Կաթոլիկ եկեղեցու հետեւորդների թիվը Հարավային Կորեայում գրեթե 5.8 մլն է։ Եկեղեցիները փակ կլինեն մինչեւ մարտի 7-ը։ Դա աննախադեպ քայլ է երկրում կոթոլիկության գոյության 236 տարվա ընթացքում։
Իրենց կիրակնօրյա ծառայությունները չեղարկել են նաեւ բողոքական եկեղեցիներն ու բուդդայական տաճարները։
Հարավային Կորեայում հաստատվել է վարակի 736 դեպք, 21 մարդ մահացել է։ Վարակվածների կեսից ավելին «Շին-չոնջիի վկայության տապանակի տաճար»-ի հետեւորդներ են։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։